• Ներսեհ

Անանիա Մաղաքյան - (Ապրիլ 2016 թ.)

(Ապրիլ 2016 թ.)

Երկու տասնամյակ հանդարտ, խաղաղ էր, Սրբերով լեցուն Հայոց երկինքը,

Թվում էր, նորից հառնում է կյանքը…

Ապրիլյան այդ օրն արյան հեղեղ էր: Սահմանին կանգնած մեր սուրբ զինվորը, Բնավ տեղյակ չէր բիրտ հարձակումից,

Չեղավ հրաման որևէ կետից,

Նա էր որոշում հաջորդ քայլերը:

Հարձակման պահին զարմանք, շփոթ էր.

Լրիվ խախտված էր բանակի կարգը,

Խիստ մշուշոտ էր զինվորի վարքը,

Սահմանի վրա խառնաշփոթ էր:

Մինչ կսթափվեին մեր առյուծները,

Վայրագ թշնամին սուրում էր առաջ,

Օդից, ցամաքից զարկում դիրքերը,

Միայն, թե լսեր հառաչ ու շառաչ:

Նրանց պլանը նենգ էր ու վայրագ.

Նոր՝ շռնդալից զինտեխնիկայով,

Օդից, ցամաքից կայծակից արագ,

Արցախը պատել արյան հեղեղով:

Եվ զոհեր…, զոհը՝ զոհի ետևից,

Վայրկյանում թոռմած՝ կոկոմ մեխակներ,

Գլխատվում էին ահեղ տարափից,

Թշնամու զարկից դառնում մեշեններ:

Կար միայն քաոս, չկար հրահանգ,

Եվ առյուծների մարտունակ բանակ,

Հերոսությունն էր՝ հույսը փրկության,

Ու նվիրումը համայն հայության:

Էլ շունչ քաշելու ժամանակ չկար,

Զինվորի հունձ էր, ահեղ յաթաղան,

Մեկը անում էր քսան հոգու գործ,

Քսան ասկյարի տանում էր իր հետ:

Վախը լքել էր մեր տղաներին,

Բազմապատկվել էր նրանց ուժերը,

Զարմանք էր պատել ազերիներին՝

Մոխրանում էին ինքնաթիռները:

Մեր ամեն զինվոր դարձել էր մի տանկ,

Խոցում էր օդից զարկող թշնամուն,

Այդ վայրկյաններին գրվում էր մի ցանկ՝

Մեր պատմությունը զարդարող մատյան:

Պարտադրված էր մեզ այդ ոճիրը,

Այդ պահին ուրիշ փրկություն չկար,

Որպեսզի փակվեր ասկյարի շարժը,

Պետք է զինվորը՝ մատաղ կյանքը տար:

Չորսօրյա կռիվ՝ ահեղ արհավիրք,

Անմոռաց էջեր, Մեծ հերոսություն,

Կոկոմ վարդերի հեղած սուրբ արյուն.

Արցախը դարձրած սրբացած տարածք:

Իրենց արյունով՝ մեր հերոսները,

Սրբեցին կախված մռայլ ամպերը,

Հայ արծիվների սուրբ հոգիները,

Ճերմակով ներկին երկնակամարը:

Հերոս էր հառնում ամեն զինվորից,

Կանգուն էր մնում մեր բաժին խաչը,

Խոնարհում՝ նրա խնկաբույր ոգուն,

Փառք, դեռ ամուր է մեր Հայկյան աջը…


© Անանիա Մաղաքյան

Recent Posts

See All