Ներսեհ
Առակ: Ամենագետ Մարդը

Մի թագավոր կամեցավ աշտարակ շի-նել: Աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Նա հավա-քեց իր գիտուններին ու պատճառը հարցրեց: Նրանք ասացին.
— Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պա-տի մեջ, ու պատը թող շարեն, այլևս չի փլչի. Թագավորն ասաց.
— Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք, գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ:
Գիտունները նստեցին միասին որոշելու, թե որտե՞ղ կարող են գտնել տգետ մարդ: Մեկն ասաց.
— Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների:
Իսկ ոմանք ասացին.
— Իշապանը, որ էշի հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ ու անտառ:
Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Հավանություն տվին և կամեցան հովվին բերել:
Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.
— Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ, սնվել է այնտեղ և իր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք:
Ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին.
— Թագավորը քեզ կանչում է:
Հովիվն ասաց.
— Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ, ինձ ինչու է կանչում:
Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց, պանիր բերեց, ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:
Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
— Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել:
Նա մի ոչխար բերելով ասաց.
— Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը: Եվ ասաց.
— Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է, մյուսինը՝ սպիտակ: Ոչխարը մորթեց ու գառները փորից հանեց, այնպես էր, ինչպես ասաց: Մի այլ ոչխար բերելով, ասաց.
— Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխն սպիտակ, ինքը որձ: Մորթեցին տեսան այնպես է: Հովիվն ասաց.
— Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամեն մեկին գիտեմ, թե ո՛րն է ծնելու, ո՛րն է ստերջ, ո՛րն է որձ ծնելու, ո՛րը էգ, ո՛րը սև ու սպիտակ և ո՛րը սև ու սպիտակ պուտե-րով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ:
Ձիավորներն ասացին.
— Ո՛չ ամենևին:
Հովիվն ասաց.
— Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորը թող իր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի՝ բոլորն առնի ու քաղաքի հրապարակում նրան կախի, չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՛նչ մարդ որ գա և հանձն առնի նայիպի գործը, նրա բոլոր ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Ա՛յն մարդը, որ կտեսնի այդ խաղքը, կլսի, ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այդ մարդը և՛ հիմար է, և՛ տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա: Նրանք եկան և թագավորին պատմեցին: Թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր: Մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործն ու իշխա-նությունը, նա կստանա նրա ապրանքն ու հողը, մոտ վազեց մի անճարակ ու տխմար մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Նրան հարցրին, թե տեսար ինչ արին նայիպի գլխին: Նա ասաց.
— Այո՛, տեսա:
Իսկույն առան նրան ու տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց:
© Վարդան Այգեկցի