• Ներսեհ

Արթուր Հակոբյան - Սգախարույկ


1988 թիվ՝ դեկտեմբերի յոթ, հայոց մի նոր վիշտ, մահվան մի նոր բոթ: Քառասուն վայրկյան, ի՜նչ քիչ ժամանակ, ու ազգս նորից եղավ նահատակ, քաղաքս դարձավ մի մեծ գերեզման, ով էլ ողջ մնաց՝ մեռած էր սակայն: Երկրաշարժ էր հայ հողում նորից, ու մոլորակը ցնցվեց ցավից: Մարդկային նոր վիշտ, մարդկային վայոց, մարդկային վայոց ու էլի` հայոց: Ճզմված գանգեր, անթև դիակներ, պոկված ոտք մանկան… Դժոխքից եկան, տեսան, վախեցան: Սարսափը ինքը վախից սարսափեց, երբ դիակներով քաղաքս լցվեց: Ու խելագարված մայրերն էին վազում դեպքի վայր` դպրոց, որոնք դարձել էին աշակերտական մեծ գերեզմանոց: Մի ողջ ժողովուրդ անմեղ էր մեռնում, ո՜վ մարդ արարած, ոնց ես դիմանում, ո՜նց ես դիմանում դու ինքդ, Աստված, երբ խաչվեց նորից ազգս մորթված: Բնության աղետ ու Աստծո անեծք, ինչքան պիտի դեռ իմ ազգը մաղեք: Բայց լավ իմացեք, որ ծնկի չենք գա, վկա` վիշտն հայոց ու խինդն ապագա, վկա` դիակը փոքրիկ այն մանկան, որ մայրը գտավ, չգժվեց սակայն: Լացում էր դառը, բայց չէր անիծում, երբ անեծքն էր լոկ այդ պահին սազում: Նա չէր անիծում կյանքն ու իր բախտը, հավատում էր դեռ Աստծուն դժբախտը: Թողնենք մորն այստեղ, դիակը մանկան, գնանք քիչ հեռու: Ասում են` այնտեղ նոր դիակ գտան: օ՜, դժոխք, անեծք. Դիակ էր հղի ջահել մի կնոջ, բայց առանց գլխի, դա վերջնագիծն էր մարդկային վշտի: Գուցե տեսիլք էր, կամ էլ չար երազ իսկություն էր, մարդ, ավա՜ղ ոչ երազ: -Ա՜խ, ինչ ոռնոց էր, ի՜նչ արցունքի ծով, վազում էին մարդիկ դառն հեկեկոցով, ու հանկարծ` ծիծաղ, քրքիջ, հռհռոց, ծեր մի պապիկ էր դիակների մեջ, կողքին` օրորոց: Ծիծաղում էր, ծափ տալիս ուրախ. - ծո, թոռիս աշեք, ծո, սոսկա կուտե… Մի ողջ ազգի ողբ ու լոկ մի պապի ուրախ հռհռոց: Ու վազեցինք մենք դեպի վաղվա հույս` դեպի օրորոց: Եվ զարմա՜նք, հրա՜շք, փոքրիկը, իրոք, ողջ էր մնացել, միթե Աստված էր նրան խղճացել: Ի՜նչ մեծահոգություն տեր Աստծո կողմից, փրկված մի պապ ու փոքրիկ մի թոռ` ողջ գերդաստանից: Ու դանդաղ օրը այդ դժոխային իր տեղը զիջեց մռայլ գիշերին: Գիշե՜ր… ի՜նչ գիշեր, քաղաքս մի մեծ, հսկա մեռելտուն, մարդիկ` սգավոր, անտուն ու անքուն: Ու վայրկյանն անգամ այդ սև գիշերի թվում էր մարդկանց մի ամբողջ տարի: Իրար անծանոթ մարդիկ հավաքվել, վիշտ վշտի տվել, խարույկ էին վառել: Ավա՜ղ, մեկ հատ չէր խարույկն այդ վշտի, սգախարույկը տերն էր ողջ գիշեր ամբողջ քաղաքի: Եվ ուշանում էին արևն ու լույսը, փլատակներում դեռ շնչող մարդկանց ապրելու հույսը: Փառք քեզ, վերջապես անվերջ թվացող գիշերն այն պիղծ իր սև խավարը դանդաղ հետ քաշեց մարդկանց սև սրտից:

Փոխվեց օրն ահա` դեկտեմբերի ութ, երեկ էր դարձել մահվան օրն անգութ: այս ինչ է եղբայր, ոչ ոռնոց, ոչ լաց, բոլորս լուռ էինք, բայց գործի լծված: Եվ ինչու հանկարծ այսպես քարացանք, գուցե բոլորս մեկից խենթացա՞նք… Ականջիս հասավ խռպոտ, թավ մի ձայն. - հեչ մեկդ չլաք, մենք կյանք կփրկենք, լացելը հետո, հմի գործ էրեք: Ու աշխատում էինք անձնազոհ, անլաց, ոչ ցուրտ էինք զգում, ոչ ծարավ, ոչ քաղց: Դեռ երեկ էինք լսել այն մասին, որ սև է հագել քաղաքն սպիտակ, որ գանձն էլ է լոռվա եղել նահատակ: Դեռ երեկ էր, որ ծեր մի գյումրեցի` իր երկու ոտքը բետոնների տակ, մեզ հարց էր տվել. - ձեր հոգուն մեռնիմ, հլը ճիշտ ըսեք, Էրևանին խո բան չի էղել… Դեռ վաղն է, որ պիտի օգնության հասնեն, դեռ վաղն է, որ պիտի դագաղներ բերեն, դեռ վաղն է, որ պիտի երկիրը սգա, դեռ վաղն է, որ… Իսկ այսօր ահա մայրը այն մանկան, որ չէր անիծում, տանում էր թաղելու իր միակ որդուն, բայց առանց դագաղ, փա