Ներսեհ
Արտակ Համբարձումյան «Ես քեզ պիտի տանեմ հեքիաթներով կյանքիս»

Ես քեզ պիտի տանեմ հեքիաթներով կյանքիս,
Անտառների ձյունոտ, գիշերակաթ հոգով,
Պիտի քեզ նվիրեմ հեքիաթային հանգիստ
Եվ սառույցներ՝ եփված իրիկնային շոգով:
Պիտի տեսնեմ հագիդ անծայրածիր շորեր,
Թափանցելի՝ միայն իմ աչքերի համար,
Ցայգալույսին պիտի գիսակներդ շոյեմ,
Պիտի շոյեմ զգույշ՝ պարանոցդ մարմար:
Եվ բոլորից թաքուն ես քեզ պիտի տանեմ,
Որ քեզ չնկատեն քո աչքերը անգամ,
Քո հմայքից պիտի ցանկություններ հանեմ,
Ու քեզ սիրեմ անվե՜րջ, ու քեզ սիրեմ այնքա՜ն...