Ներսեհ
Արտակ Համբարձումյան - Թող պարպեմ գավաթս...
* * *

Թող պարպեմ գավաթս, Բաքո՛ս,
Թող պարպեմ, աղաչո՛ւմ եմ քեզ,
Այս գինի՛ն, այս ցնորքնե՛րը
Մի՛ խլիր ինձանից, Բաքո՛ս:
Թող այրի այս գինին հոգիս,
Թող հարբած թափառեմ անքուն,
Եվ կյանքս տված փուչ բախտիս՝
Ներս մտնեմ, սիրելի՛ս, քո տուն:
Անջատվի՛ր ինձանից, Բաքո՛ս,
Եվ ների՜ր, օ՜, ների՜ր մի պահ՝
Ես պիտի լինեմ արնախո՛ւմ,
Ես պիտի լինեմ անա՛հ:
Այդ նա՛ է, այդ նա՛ է, Բաքո՛ս,
Գալի՛ս է, կանչո՛ւմ է, դե՛, նայի՛ր,
Վազում եմ դեպի քեզ, անգի՛նս,
Որ գրկեմ մարմինդ երկնային:
Թող ապրեմ, որպես չապրած կյանք,
Վայելեմ ժխորը ծովերի,
Դիվային հևոցը խելքահան
Դողացող մազերիդ հովերից:
Թող այսպես թալանվի՜ մարմինդ,
Դու կրքո՜տ, մարմնատե՜նչ, դու այրո՜ղ,
Ես արդեն տենչում եմ այն հինը,
Ես արդեն առանց քեզ չե՜մ կարող...
Գալի՛ս եմ, գալի՛ս եմ, Բաքո՛ս,
Հարբա՛ծ եմ ես մարմնից իմ սիրո...
Դե, լցրո՛ւ գավաթս, Բաքո՛ս,
Դե, լցրո՛ւ գավաթս... գինո՛վ: