• Ներսեհ

Բառի Կոռնուել «Երգ»


Թող երգը անուշ հնչե հեշտագին,

Ինչպես խոխոջը վըճիտ առվակի,

Թող հիշեցնե մարդկային ազգին

Սիրելի պատկերն անցած օրերի։


Վեհ ձայնը երգչի թող դնե վախճան

Մեր դառն սուգին, ստոր կրքերին,

Թող նորա երգը ազգասիրական

Ներշնչե աշխույժ, եռանդ մեր սրտին։


Ինչ մեզ հուզում է, թող այն ամենայն,–

Ե՛վ ծիծաղ, և՛ լաց, հանգիստ և՛ թախիծ,

Ե՛վ ուրախություն, և՛ վիշտը մարդկան,—

Թող մասն ունենան այն հզոր երգից։


Թող զարթեցնե նա միտքը քնեած,

Թույլերին ուժ տա, քաջերին ոգի,

Եվ պարգևատրե որդոցն հայրենյաց

Փառքովը իրանց արդար գործերի։


© Բառի Կոռնուել

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի