top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ըստ Հայոց եկեղեցու քրիստոսաբանության՝ Հիսուս Քրիստոսը մեկն է «Սուրբ Երրորդությունից», Հայր Աստծո և Սուրբ Հոգու համագոյակիցը, Աստծո Միածին Որդին և անժամանակ Ծնունդը, Աստված՝ Աստծուց, նախահավիտյան Բանը, որ մարդկանց փրկության համար ճշմարտապես մարդացավ Կույս Մարիամից։ Մարմնացյալ Աստծո Որդին, ճշմարիտ Աստված ու ճշմարիտ Մարդը, Աստծո Օծյալը և աշխարհի Փրկիչը, որի սուրբ մարդեղությամբ հաստատվեց Եկեղեցու թագավորությունը։ Նա, որ չարչարվեց, խաչվեց, երրորդ օրը հարություն առավ մեռելներից, նույն մարմնով համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում՝ ազատագրելով մարդուն մեղքի դատապարտվածությունից և ցույց տալով փրկության ճանապարհը։ Հանուն նրա Աստված երկիր ուղարկեց Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, Աստծո Հոգին, որը եկեղեցագործում է աշխարհում Հոգեգալստի օրվանից և առաջին աշխարհամատուռն եկեղեցին (Վերնատունը) հաստատելուց ի վեր՝ մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը՝ զորությամբ և բազում փառքով։ Հիսուս Քրիստոսին հավատալով՝ մարդը արդարանում է Աստծո առջև, արդարանալով՝ փրկվում է, փրկվելով՝ սրբացվում է Սուրբ Հոգու կնիքով և ընդունում հավիտենական կյանքի ավետիսը։ Մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը, որ խոստացված է Ավետարաններով և Հովհաննեսի Հայտնությամբ, քրիստոնյա եկեղեցին գտնվում է Սուրբ Հոգու հայտնության շրջանում։

Աշխարհ գալով մարդու փրկության համար՝ Հիսուս Քրիստոսը ոչ միայն միջնորդ և բարեխոս եղավ Աստծո և մարդու միջև, այլև մի նոր փոխհարաբերություն հաստատեց նրանց մեջ։ Նա ադամորդուն մեղքի ծառայությունից ազատելու և նրան ճշմարիտ աստվածճանաչողության առաջնորդելու համար իր տնօրինական գործունեությամբ իրականացրեց երեք կարևոր պաշտոններ՝ մարգարեական, քահանայական և թագավորական։ Ինչպես Հին Կտակարանում այս երեք պաշտոնների գործադրումով միջնորդություն էր կատարվում Աստծո և «ընտրյալ ժողովրդի» միջև, այնպես էլ Նոր Կտակարանում Աստծո և մարդու միջև խախտված ուխտը նորոգվում է՝ Հիսուսի կողմից այս երեք պաշտոնների սիրահոժար հանձնառությամբ։ Սրա շնորհիվ վերականգնվում է մարդու՝ Աստծո Որդի կոչվելու բարձր պատիվը։ Եթե Հին Կտակարանում մարգարեն հանդես էր գալիս աստվածային ճշմարտությունը վկայելու, քահանայապետը զոհ էր մատուցում ժողովրդի մեղքերի քավության համար, թագավորը դատում ու պաշտպանում էր ընտրյալ ժողովրդի իրավունքները, ապա Նոր Կտակարանում միջնորդության այս երեք պաշտոնները լիալիր կատարելությամբ կենսագործվում են Քրիստոսի տնօրինության շնորհիվ։ Նա որպես հայտնութենական ճշմարտություն՝ Նոր Ուխտ է հաստատում ու իրականացնում Աստծո և մարդու միջև (Մարգարեություն), որպես հաշտության աննման զոհ մեկընդմիշտ քավում է մարդու մեղքը և հաշտեցնում Աստծո հետ (Քահանայություն), և որպես Թագավոր հաստատում իր ամենահաղթ տիրապետությունը (Թագավորություն)։

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում