• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Միջնադարյան հոգևոր-մշակութային կենտ-րոն Աղթամարի վանքը 1113–1895 թթ-ին եղել է կաթողիկոսանիստ: Վանքի գլխավոր կառույցը Սբ. Խաչ եկեղեցին է (կառուցվել է 915–921 թթ-ին), որն իր  բարձրարվեստ քանդակներով և հորինվածքի կատարե-լությամբ հայկական միջնադարյան ճար-տարապետության եզակի կառույցներից է:

Աղթամար կղզին (մոտ 0,7 կմ2 տարածքով) գտնվում է Վանա լճի հարավարևելյան մասում՝ ցամաքից 3–3,5 կմ հեռավորությամբ: Բնակելի է եղել հնագույն ժամանակներից. պահպանվել են մինչուրարտական կիկլոպյան շարվածքով պարսպապատերի հետքեր: IV դարում կղզում եղել է Ռշտունի տոհմի ամրոցը: VII դարում այն Թեոդորոս Ռշտունու ռազմական հենակետն էր հակաարաբական կռիվներում: X դարում Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորն Աղթամարում մեծ շինարարություն է ծավալել՝ այն դարձնելով անառիկ բերդ-քաղաք՝ Արծրունյաց թագավորության վարչական ու հոգևոր-մշակութային կենտրոն: Գագիկ արքայի հրամանով` կղզու հարավային ծովեզրին վիմաքարերով կառուցել են ծովից 2,6 մ բարձրությամբ արհեստական ամբարտակ և ծովածոց՝ իր նավահանգստով (այժմ ծածկված է ջրով): Այդ ամենն ամրացվել է 554 մ երկարությամբ բարձրաբերձ, լայնանիստ բուրգեր, բարձր աշտարակներ և հուսալի դարպասներ ունեցող պարսպով: Կղզու ամենաբարձր վայրում կառուցվել է պարսպա-պատ միջնաբերդը (ապարանքներով, պարտեզներով, փողոցներով, օժանդակ շինութ-յուններով) և քաղաքի ճարտարապետական համակառույցում գերիշխող քառակուսի հատակագծով պալատը (ճարտարապետ` Մանուել):

Քաղաքի կառույցներից պահպանվել է միայն պալատական եկեղեցին՝ Սբ. Խաչը (ճար-տարապետ` Մանուել)` քառախորան, խաչաձև գմբեթավոր հորինվածքով, սրածայր վեղարով, 16-նիստանի թմբուկով, մուտքերը՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից: Եկե-ղեցին ունեցել է արծաթազօծ դռներ, թագավորանիստ օթյակ: Պատերը  ողջ պարագծով դրսից շրջառում են պատկերաքանդակների 6 գոտի (Հին ու Նոր կտակարանների թեմաներով, բուսական, կենդանական քանդակներ և զարդաքանդակներ, տոհմանշան-ներ, զինանշաններ, դիմաքանդակներ և այլն): Ճարտարապետության ու քանդակագոր-ծության օրգանական համադրմամբ առանձնանում է արևմտյան ճակատը, որի հո-րինվածքի կենտրոնում Գագիկ արքան է` եկեղեցու մանրակերտը ձեռքին, դիմացը՝ Փրկիչը` օրհնական աջով: 

Բարձրարվեստ է նաև եկեղեցու զարդանկարներով և ավետարանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին: XIII դարում եկեղեցու շուրջը կառուցվել են մատուռներ, 1763 թ-ին՝ գավիթ, XIX դարում՝ հարավային ճակատին կից քառամույթ նախամուտք-զանգակա-տուն:

Աղթամարի գրչության կենտրոնում են գործել գրիչներ Զաքարիա Աղթամարցին, Դանիելը, Թովմա Մինասենցը, Ներսես և Ստեփանոս եղբայրները, Գրիգորիս Աղթա-մարցին և ուրիշներ: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ պատմագրական երկեր, նկարազարդ ավետարաններ, մաշտոցներ, հայսմավուրքներ, տաղարաններ և այլն:

1917 թ-ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: 2007 թ-ին թուրքական կառա-վարության աջակցությամբ Սբ. Խաչ եկեղեցին նորոգվել է և վերածվել թանգարանի:

2010 թ.-ին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ջանքերով Ախթամարի վանքում վերստին մատուցվեց սուրբ պատարագ, որից հետո այն դարձավ ավանդություն և առիթ հանդիսացավ ամեն տարի ուխտագնացություն կատարելու: