
Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հայկական լեռնաշխարհում կոշիկը գործածվել է դեռևս ուշ բրոնզի դարում: Մատենագիտական տեղեկությունների համաձայն` պարսից և հայ թագավորները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր նախարարները՝ մեկական կարմիր կոշիկ՝ իբրև պատվի նշան: Միջնադարյան Հայաստանում հարսները հագել են արծաթապատ կոշիկներ: Թովմա Արծրունու (IX դարի կես) վկայությամբ` Խութ գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար պատրաստել են փայտե կոշիկներ: Հայաստանում մինչև XX դարի սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած կոշիկներ: Կոշիկ կարել են հիմնականում կաշվից, գործել են մազե, բրդե, բամբակե թելերից: Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող կոշիկ: Կանայք և տղամարդիկ հագնում էին չմուշկ, սոլ, կոնտուրա, յամանի, չուստ, բաշմակ, նալիկ, քոշ, մաշիկ, տրեխ, մաս-բաբուճ, երկարաճիտ և գործած կոշիկներ: Հայերենում կոշիկ բառին համարժեք օգտագործվել և ավելի տարածված է եղել ոտնաման բառը: