Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Աթանաս Ալեքսանդրացին սերել է հույն քրիստոնյա ընտանի-քից: Լինելով տակավին սարկավագ՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) լուրջ հակահարված է հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին: Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողա-կան պայքարի համար հալածվել է արիոսական իշխանա-վորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անց-կացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավանական հա-կամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատություն-ները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբա-նական ուղղվածություն:
Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» ջատագովական բնույթի աշխատությունը: Առաջինում ապացուցել է հեթանոսության կեղծ էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով Աստծո և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը: Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիս-տոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով:
Աթանաս Ալեքսանդրացին իր դավանական-հակաճառական երկերի մեծ մասը շարա-դրել է աքսորավայրում (356–362): Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը: Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբանական և մեկնաբանական փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը:
Աթանաս Ալեքսանդրացու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները. հունական բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասորական թարգմանությունը: Աթանաս Ալեքսանդացրու հեղինակել է Անտոն Անապատականի (250–356) վարքը (մոտ 356–357 թվականներին), նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ: Երկը զգալի ազդեցություն է գործել սրբախոսական գրականության վրա: Հայերեն է թարգմանվել 5 դարում:
Աթանաս Ալեքսանդրացու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել սաղմոսների, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնության լոկ առանձին հատվածներ և Սարգիս Կունդի (12-րդ դար) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ: Աթանաս Ալեսանդրացին գրել է նաև կանոններ, Պատարագամատույց, ներբողներ, խրատներ, աստվածաբանական, քրիս-տոսաբանական, ջատագովական և հակաճառական բնույթի բազմաթիվ թղթեր:
Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբանական և քրիստոսաբանա-կան ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի: Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոնական վեճերի շրջանում: Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստոնեական, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբանական մտքի վրա:
Աթանաս Ալեքսանդրացու թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան», «Ի Հոգին Աստուծոյ», «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի», «Ի ծնունդն Քրիստոսի» և այլն:
Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ և այլն) հրատարակվել է 1899 թվականին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում: Նրա երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ: Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբանական գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» և այլն): Իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբանական գրականության մեջ: