Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ավանի կաթողիկոսությունը Հակաթոռ կաթողիկո-սություն է։ Գործել է 591–602 թվականներին, Երևա-նի այժմյան հյուսիսարևելյան մասում։ Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի։ Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի, կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզանդական մասի հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցին 591 թվականին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում։ Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ անվանվել է Ս. Հովհաննես եկեղեցի) արտաքուստ ուղղանկյուն է, ներսից՝ խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով։ Կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք, առանձնանում է ճակտոնազարդ, կամարակապ, տպավորիչ շքամուտքը։ Ավանի Կաթողիկեն հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է և քրիստոնեական ճարտարապետության մեջ առաջին հնգագմբեթ եկեղեցիներից։ Կաթողիկեին հյուսիսից կից է կաթողիկոսական պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային խորանում բացված մուտքով։ 602 թվականին Պարսից Խոսրով 2-րդ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկեն, որից հետո այն դարձել է վանք։ 607 թվականին Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու հրավիրած եկեղեցական ժողովին մասնակցել է Ավանի վանքի երեց Հունանեսը։ Ավանի Կաթողիկեի հառավային կողմում է թաղվել 611 թվականին վախճանված Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժից Ավանի կաթողիկոսարանի համալիրն ավերվել է։ 1940 թվականին պեղվել է կաթողիկոսարանի տարածքը, նորոգվել են արևմտյան և մասնակիորեն՝ հյուսիսային ու արևելյան ճակատները։ 1968 թվականին բարեկարգվել է տարածքը։ 1978 թվականին պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։