top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Գագիկ Բ-ն հնազանդություն է հայտնում Կոստանդին IX Մոնոմախ կայսերը. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից:

Գագիկ Բ թագավորը, երբ պանդուխտ է մնում Բյուզանդիայում, իսկական փորձանք է դառնում հույն իշխաններից շատերի համար, որոնք չէին թաքցնում իրենց արհամարհանքը հայերի և նրանց գահընկեց արքայի հանդեպ։ Մի անգամ, իմանալով, որ Կեսարիայի մետրոպոլիտ Մարկոսն այնքան ամբարտավան է դարձել, որ իր շան անունն Արմեն է դրել, որոշում է պատժել նրան։ Դարձյալ Մատթեոս Ուռհայեցին պատմում է, որ իր շքախմբով անցնելով Մարկոսի կալվածքներով, մարդ է ուղարկում նրա մոտ, թե ցանկանում է իջևանել նրա տանը։ Մարկոսը հրամայում է իր տունը զարդարել և ընդունելության պատրաստվել, իսկ ինքն ընդառաջ է գնում Գագիկ Բ-ին, նրան բերում տուն և մեծ ճաշկերույթ տալիս։ Ճաշելիս, երբ Գագիկ Բ-ը փոքր-ինչ գինովցել էր, դիմում է Մարկոսին, թե իմացել է, որ մի ամեհի շուն ունի և ցանկանում է տեսնել նրան։ Հույն մետրոպոլիտը թեև գլխի է ընկնում, թե ինչն է դրա պատճառը, բայց սկսում է կանչել շանը։ Սակայն, քանի որ վախենում էր անունով կանչել, կենդանին մոտ չէր գալիս։ Հայոց երբեմնի արքան պահանջում է անունով կանչել, և Մարկոսն ակամա, նույնպես գինու ազդեցության տակ, կանչում է շանը՝ երկու անգամ տալով նրա Արմեն անունը։ Երբ զայրացած Գագիկը հարցնում է, թե ինչո՞ւ է շան անունը Արմեն դրել, մետրոպոլիտ Մարկոսը, խիստ անհարմար զգալով, պատասխանում է, թե շատ անվախ և ուժեղ շուն է, դրա համար։ Այնժամ Գագիկ Բ-ի ազդանշանով թիկնապահները շրջապատում են շանը և գցում մի մեծ պարկի մեջ, որ պատրաստել էին վաղօրոք։ Մետրոպոլիտը սկսում է բղավել նրանց վրա, սակայն Գագիկը ասում է. «Հիմա կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ՝ հոռո՞մը, թե շունը, որ նրանից Արմեն անունն է ստացել»: Արքայի թիկնապահները Մարկոսին ևս գցում են պարկի մեջ, բերանը կապում և սկսում շանը ձաղկել, որը, ցավից սաստիկ գազազելով հոշոտում է տիրոջը։

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page