Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հովսեփ արքեպիսկոպոս Արղության – Երկայնաբազուկը եղել է նաև ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից։ Կրթությունն ստացել է Սանահինում, Էջ-միածնի ժառանգավորաց դպրոցում, ա-շակերտել Սիմեոն Ա Երևանցուն, որը 1769 թվականին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս ու պատիվ։ 1773 թվականին կարգվել է ռուսահայոց թեմի առաջնորդ, 1780 թվականից՝ նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Արղությանը սատա-րել է շուրջ 12600 ղրիմահայերի արտա-գաղթը (1778) Ռուսաստան, նրանց հա-մար հիմնել հինգ գյուղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի և Նովի-թա) ու քաղաք (1780), օրհնել քաղաքի ծնունդն ու անվանել Նոր Նախիջևան։ Իբրև հմուտ քաղաքագետ Արղությանը յուրաքանչյուր պատեհ առիթով ըստ արժանվույն ներկայացրել է հայ ժողովրդին։
1780 թվականին Հովհաննես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուսական արքունիքում հրավիրված խորհրդակցություններին։ Նույն թվականին խնդրել է ռուսական իշխանություններին արգելել կաթոլիկ քարոզչությունը հայոց մեջ, հատուկ հրովարտակով պարտադրել կաթոլիկ հոգևորականներին իրենց ժամերգությունները կատարել միայն օտար լեզուներով, թույլատրել կաթոլիկ հայերին վերադառնալ Հայ առաքելական եկեղեցի։ Ռուս պետական և ռազմական գործիչ, դիվանագետ Գրիգորի Պոտյոմկինն ընդառաջել է Արղությանին, հրահանգել նահանգապետներին բավարարել նրա խնդիրքը։ 1782 թվականին, ի պատասխան Կովկասի գեներալ-նահանգապետ Պ. Ս. Պոտյոմկինի հարցումների, Արղությանը ռուսական իշխանություններին է ներկայացրել տեղեկանք հայոց պատմության, նրա ներկայի, սպասելիքների, աջակցության դեպքում ազատագրական պայքարի ելնելու պատրաստակամության և ռուսական օժանդակութ-յունը Հայաստան հասցնելու ուղիների մասին։ 1783 թվականին նա հատուկ տեղեկանք է ներկայացրել նաև Արցախի մելիքությունների վերաբերյալ՝ ընդգծելով հայոց պետա-կանությունը Ռուսաստանի գործակցությամբ վերականգնելու նրանց պատրաստա-կամությունը։ 1783 թվականին Արղությանը կազմել և ռուսական արքունիք է ներկայաց-րել «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց» նախագիծը։
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1787–1791), Իզմայիլի ազատագրումից հետո 320 տուն հայեր (1650 հոգի) մնացել են անօթևան, մերկ, քաղցած, հուսահատ։ Արղությանի ջանքերով 1792 թվականին հիմնվել է հայկական մի նոր քաղաք, որը նրա առաջարկով կոչվել է Գրիգորիուպոլիս՝ Գրիգոր Լուսավորչի անունով։ Նորաստեղծ քաղաքի բնակիչներն իրենց խնամատար հորն են մատուցել թանկագին հնություն՝ հայոց թագավորներին պատկանած, հաջորդաբար փոխանցված դաշույնն ու թուրը։ Արղությանը ռուսական արքունիքի հանձնարարությամբ մասնակցել է ռուսական զորքերի՝ 1796 թվականի անդրկովկասյան արշավանքին, գլխավոր հրամանատարին ներկայացրել իր առաջարկություններն ու խորհուրդները, դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուսական բանակին։ 1799 թվականին կայսրի հրովարտակով Գրիգորիուպոլսի, Ղրիմի, Աստրախանի, Ղզլարի, Մոզդոկի հայ գաղթավայրերի համար սահմանվել են միաս-նական արտոնություններ, որոնց մշակման գործում մեծ դեր է կատարել Արղությանը։ Նա Հայ և Ռուս եկեղեցիների, ինչպես և եկեղեցականների միջև ստեղծել է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ։ Եկատերինա II կայսրուհին նրան շնորհել է ադամանդե խաչ՝ վեղարի համար, և պարեգոտ։ 1800 թվականի հուլիսի 28-ին Պավել I-ի հրովարտակով Արղությանը ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել. Էջմիածին գնալու ճանապարհին՝ Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել։
Արղությանը եղել է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք։ Արղությանը նամակագրական կապեր է ունեցել Ռուսաստանի հայկական գաղթավայրերի ներկայացուցիչների, Ամենայն հայոց կաթո-ղիկոս Ղուկաս Ա Կարնեցու, Վրաստանի և Հնդկաստանի հայ համայնքների, ռուսական պետական գործիչների, Վրաց Հերակլ II և Գեորգի XII թագավորների, Արցախի մելիքների և բազում այլ գործիչների հետ։ Պահպանվել են նրա առաքած նամակների պատճենները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են XVIII դ. վերջի պատմության ուսումնասիրման համար։