Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ֆրանսահայ նկարիչ Էդգար Շահինը XX դարի փորագրության նշանավոր վար-պետներից է. նրա ազգային ինքնատիպ արվեստը հայ և եվրոպական կերպար-վեստի նշանակալի երևույթներից է:
Էդգար Շահինը մանկության տարիներին ապրել է Կոստանդնուպոլսում, սովորել է Գատըգյուղի (թաղամաս՝ Կոստանդնու-պոլսում) Մխիթարյան դպրոցում, 1890–92 թթ-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1893 թ-ին մեկնել է Փա-րիզ. կատարելագործվել է Ժյուլիեն ակա-դեմիայում:
1896 թ-ից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկար-չական աշխատանքներով («Մուրացկա-նը», 1896 թ., «Փողոցի մի անկյուն», 1897 թ., «Շնչահեղձը», 1898 թ., «Անապաստանը», 1899 թ., «Փողոց Մոնմարտրում») մաս-նակցել է ցուցահանդեսների: 1899 թ-ից նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման: 1901 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեին: 1900-ական թվականների փորագրությունները («Աղբահան-ներ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900 թ., «Լաթահավաք կինը», 1901 թ., «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902 թ., «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903 թ., «Թխահերն ու շիկահերը», 1907 թ., «Ընկած ձին», 1910 թ.) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ:
Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները (օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա), սակայն նախընտրել է չոր ասեղի տեխնիկան, որը հասցրել է կատարելության:
1905 թ-ին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը։
Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի: 1930 թ-ին ուղևորվել է Բրետանի և Լա Մանշի ափեր, ստեղծել բացառիկ գեղեցկության բնանկարների շարք («Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» և այլն): Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», Պողոս Նուբարի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և ուրիշների դիմանկարները: Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. երկրորդ պլանում Անիի Հովվի եկեղեցին է:
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիոսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր:
Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր: 1928 թ-ին հեռակա ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ: 1936 թ-ին՝ Երևանում, Թիֆլիսում, 1940 թ-ին Լենինգրադի Էրմիտաժ թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները. շուրջ 160 գործ նվիրել է Հայաստանին: 1974, 1994 և 2004 թթ-ին Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ:
Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում:
Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900 թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903 թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի: