Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագոր-ծությունը հայ ռեալիստական գրականու-թյան բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղար-վեստական մտածողության, մասնավո-րապես հոգեբանական արձակի և դրա-մատուրգիայի պատմության մեջ:
Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազ-գանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամա-խիի հայոց թեմական և ռուսական գավա-ռական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875 թ-ին մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշ-խարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:
1878 թ-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատա-կարանից» վիպակը: 1884 թ-ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամա-տար» վիպակը, 1885 թ-ին՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:
1886–91 թթ-ին Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888 թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890 թ.) նովելները, «Արամբին» (1888 թ.), «Զուր հույսեր» (1890 թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները: Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատա-պարտելով տառապալի կյանքի: 1895–96 թթ-ի հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձեր-բակալել է:
XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893 թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894 թ.), «Կրակ» (1896 թ.) վիպակները, իսկ 1896–97 թթ-ին՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե՜ գեղարվեստական, թե՜ գաղափարական առումով:
Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899 թ.), «Արտիստը» (1901 թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902 թ.) վեպի առաջին մասը, դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903 թ.), «Պատվի համար» (1905 թ.): Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը» (1909 թ.), «Ավերակների վրա» (1911 թ.), «Արհավիրքի օրերին» (1917 թ.) դրամաները, «Շառլա-տանը» (1912 թ.) կատակերգությունը և այլ գործեր:
1905–10 թթ-ին Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916 թ-ին նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում:
1919 թ-ին բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926 թ-ին գրողը հաստատվել է Երևանում. գրել է «Մորգանի խնամին» (1930 թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932 թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929–34 թթ.), վերամշակել մի շարք գործեր:
Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930 թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների:
Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Պատվի համար» (1956 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Քաոս» (1973 թ.) կինոնկարները: