Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Փոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պեր-գամոնում (այժմ` Բերգամա, Թուրքիա-յում) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան: Այն ժամանակներում հիմնական գրելանյութը եգիպտական պապիրուսն էր, ուստիև պապիրուս գնելու նպատակով Եվմենես Երկրորդը Հունաստան գործուղեց մի խումբ մարդկանց: Հույները, սակայն, հրաժարվեցին նրանց պապիրուս վաճառել: Ուստի պերգամոնցի վարպետները հորթի և գառան կաշիները հատուկ մշակման ենթարկելով` մարդկութ-յանը պարգևեցին նոր գրելանյութ: Պերգամոնի անվամբ այն կոչվեց պերգամենտ: Հայերը չընդունեցին այդ բառը և շրջանառության մեջ մտցրին «մագաղաթ» բառը: Ըստ Հրաչյա Աճառյանի` «մագաղաթ» բառը սեմական է և ծագում է «գլորել», «գալարել» ար-մատից: Հետաքրքրական է, որ Արցախում աղջիկներին անվանակոչել են նաև Մա-քաղաթ: Սայաթ-Նովան իր հայերեն խաղերում երկու անգամ կիրառել է «մաքաղաթ» բառը: Մի դեպքում` որպես նուրբ մաշկ (Ձեռնիրըտ սիպտակ մաքաղաթ, լիզուտ օսկե ղալամի պես), մյուսում` որպես մագաղաթյա ձեռագրի վրա նկարված պատկեր (Օսկե վարաղնով վարաղնած սուրաթ-մաքաղաթըն դունի իս):
Պապիրուսի համեմատ` մագաղաթի առավելություններն ակնհայտ են: Նախ, այդ գրելանյութի երկու երեսին էլ կարելի է գրել: Ջրում լուծվող թանաքով գրված մագաղաթի վրայի գրվածը կարելի է ջնջել, լվանալ և փոխարենը ուրիշ բան գրել, ինչը հայտնի է պալիմպսեստ` կրկնագիր անվամբ: Կրկնագրերն այսօր հեշտությամբ վերծանվում են` երբեմն ի հայտ բերելով անցյալի նշանավոր երկեր՝ օրինակ. Բրիտանական թանգա-րանում կա մի մագաղաթ, որի վրա 11-րդ դարի սիրիական տեքստի տակ եղել է 9-րդ դարի հռոմեական տեքստը, իսկ վերջինիս տակ` 7-րդ դարի մի ձեռագիր: Մագաղաթի մյուս առավելությունը պապիրուսի նկատմամբ այն է, որ մագաղաթից կարելի է գրքեր պատրաստել, այսինքն` էջերը կարել ու ամրացնել կազմին: Մագաղաթը թանկ գրելանյութ է: Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը հարուստ է բազում փաստերով, որոնք վկայում են, թե ինչպիսի թանկ գնով են մարդիկ շատ հաճախ ձեռք բերել այդ թանկարժեք գրելանյութը: Այսպես` 1668 թ. Մարգարիտ անունով մի հայուհի գնել է «Արթիկի ավետարանը» (որն այսօր պահվում է Երևանի Մատենադարանում)` փոխարենը տալով երկու եզ, երկու ձի և մեկ կով: Մագաղաթի վրա գրված ամենահին ձեռագրերն են «Իլիականի»` մեր թվարկության մոտավորապես երրորդ դարին վերաբերող ընդօրինակության մի հատվածը, ինչպես նաև Աստվածաշնչի երեք ընդօրինակությունները, որոնցից մեկը` Վատիկանինը, վերաբերում է չորրորդ դարի սկզբին, մյուսը` սինայականը, չորրորդ դարի վերջին, և երրորդը` ալեքսանդրիականը` հինգերորդ դարին: Մագաղաթը պատրաստում են հիմնականում հորթի, գառան, այծի, ուլի, քուռակի և նապաստակի կաշիներից: Առավել ընտիր մագաղաթի համար կիրառվել են եղնիկի և եղջերվի կաշիները: Ամենաթանկարժեք մագաղաթները պատրաստված են դեռևս լույս աշխարհ չեկած կենդանիների մորթիներից: Արցախում, Աղձնիքում և այլուր մագաղաթ պատրաստել են նաև ավանակի կաշվից, որը դժվար մշակելի է: Հայաստանում մագաղաթ պատրաստել են նշանավոր գրչատներում, վաճառաշահ քաղաքներում` Անի, Երզնկա, Կարին, Դվին, Սիս: Հայոց կրոնական տոների ժամանակ, ինչպես հայտնի է, մեծ բազմություն էր հավաքվում վանքերում և եկեղեցիներում: Ուխտավորները զոհաբերված կենդանիների մորթիները նվիրում էին վանքի գրչատանը: Հինգերորդ դարից մագաղաթի վրա գրված որևէ ձեռագիր մեզ չի հասել: Մինչև այժմ հայտնի մեզ հասած «Լազարյան ավետարանը» հայերեն ամենահին ամբողջական մագաղաթե ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է: Գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այդ ձեռագիրն ավարտել է 887 թ.: 1899 թ. այն լուսապատճենահանմամբ հրատարակվել է Մոսկվայում: Երևանի Մատենադարանում պահվող ամենախոշոր մագաղաթյա ձեռագիրը «Մշո Ճառընտիրն» է, որի յուրաքանչյուրի էջի համար ծախսվել է մեկ հորթի կաշի: Բացված վիճակում գիրքը դժվար է տեղավորել սովորական գրասեղանի վրա: Մատենադարանի ամենափոքր ձեռագիրը 18 գրամ է, լուցկու տուփից էլ փոքր: Ունի մագաղաթի անչափ նուրբ 104 թերթ: Ենթադրվում է, թե այդ ձեռագիրը պատրաստված է նորածին գառան մորթուց: Հազվագյուտ այդ ձեռագիրը գրվել է 1434 թ. Ղրիմի Կաֆա (ներկայումս` Թեոդոսիա) քաղաքում: Այսպիսով, հայ իրականության մեջ մագաղաթը, որպես գրելանյութ, գործածվել է 5-րդ դարից մինչև 9-րդ դարը: Դրանից հետո միաժամանակ կիրառվել են և՛ մագաղաթը, և՛ թուղթը, որն էլ աստիճանաբար դուրս է մղել մագաղաթին: Ընդհուպ մինչև 20-րդ դարը մագաղաթը միջազգային ասպարեզում որոշ դեպքերում հատուկ նպատակների համար կիրառվել է դիպլոմներ, զեկուցագրեր, պատվոգրեր, զինվորական արտոնագրեր, միջազգային առևտրի և այլ փաստաթղթեր պատրաստելիս: