top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրիդերիկ Շոպենը լեհական դասական երաժշտության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային երա-ժշտության բարձրագույն նվաճումներից է:

Ֆրիդերիկ Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝ Յուզեֆ Էլսներին: Շոպենը 1823–26 թթ-ին սովորել է Վարշավայի լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիո, «Մեծ ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական երաժշտության թեմաներով, նաև պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:

1829 թ-ին Շոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ «Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին բալլադը»: Ապստամբության պարտության դառը խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական  պարային երաժշտության առանձնահատկությունները:

1834–35 թթ-ին նա ճանապարհորդել է Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ-ին կոմպոզիտորը վերջին համերգներով շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում: Առողջության վատթարացման պատճառով նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ: 

Կոմպոզիտորին ողջ Փարիզը հրաժեշտ է տվել Մոցարտի «Ռեքվիեմի» հնչյունների ներքո: Նրան թաղել են Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ ընկերոջ՝ իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի գերեզմանի կողքին, իսկ սիրտը, կտակի համաձայն, զմռսվել է Վարշավայի Սբ Խաչ կոստյոլում (լեհական կաթոլիկ եկեղեցի): Շոպենն ստեղծել է գերազանցապես դաշնամուրային երկեր՝ մանրանվագներից մինչև մեծակտավ գործեր, որոնք բեկումնային են դաշնամուրային երաժշտության մեջ: Հունգարացի կոմպոզիտոր Ֆ. Լիստը և Շոպենը դաշնամուրային երաժշտությունը դուրս են բերել բարձրաշխարհիկ սրահներից. այն սկսել է կատարվել նաև համերգային դահլիճներում:  Շոպենը գրել է նաև բազմաթիվ վալսեր, պրելյուդներ, էտյուդներ, սոնատներ, նոկտյուռններ, սկերցոներ, վոկալ և այլ գործեր: Որպես դաշնակահար՝ Շոպենն ստեղծել է կատարողական ուրույն ոճ, որին հատուկ են քնարական մեղեդայնությունը, նրբագեղությունը և բարձր վարպետությունը: 1927 թ-ից Վարշավայում անցկացվում է դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային մրցույթ: Շոպենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page