top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Այսօր XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Հուվաննես Շիրազի ծննդյան օրն է:Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1925–32 թթ-ին սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932 թ-ին տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–45 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:

1935 թ-ին լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:

1946 թ-ին լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը:

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ.

Մեր հերն ու մերն է մայրս,

Մեր ճորտն ու տերն է մայրս...

– Մայրս, մեր հացն է մայրս,

Մեր տան Աստվածն է մայրս:

Մայրը նաև մարդկային ցավի խտացումն է. 

Դարդս տվի հովերին՝ հովերը չառան... 

Մայրս առավ ու հալվեց ու մի բուռ 

դառավ:

1915 թ-ի Մեծ եղեռնը Շիրազը համարում է մարդկության «մեղքերի մեղքը»: «Հայոց դանթեականը» լայնաշունչ պոեմում բանաստեղծը նկարագրում է դարավոր ոսոխի վայրագությունները, հայ ժողովրդի անասելի ողբերգությունը, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը:

Շիրազի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: 

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page