Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Թուղթը գրական ժանր է, հրապարակախոսական կամ բանաստեղծական երկ՝ հորինված նամակի ձևով և ուղղված որևէ անձի կամ մարդկանց խմբի։
Թղթի առաջին չափածո օրինակները տվել են հռոմեական բանաստեղծներ Հորացիոսը (մ. թ. ա. I դ.) և Օվիդիոսը (մ. թ. ա. I - մ. թ. I դդ.)։ Թղթին բնորոշ են փիլիսոփայական խորհրդածությունը, հրապարակախոսական շեշտը, երբեմն էլ՝ սատիրական երանգը (Կլեման Մառոյի, Բուալոյի, Վոլտերի, Գյոթեի, Շիլլերի, Պուշկինի, Չարենցի և այլոց ուղերձները)։ Չափածո թուղթը ուղղվում է իրական-պատմական (կամ երևակայական) որևէ անձնավորության։ Արձակ թուղթը զարգացել է վաղ քրիստոնեության շրջանում և հատկապես միջնադարում՝ դառնալով քրիստոնեական գրականության հիմնական տեսակներից։ Հայտնի են Նոր կտակարանի մասը կազմող և քրիստոնեական առաշին համայնքներին ուղղված առաքելական Թղթերը։ Միջնադարում թուղթն ունեցել է գլխավորապես բարոյախրատական և դավանաբանական բնույթ։ Հայ մատենագրության մեջ զարգացել է ինչպես առաքելական, այնպես էլ անտիկ թղթիի գրական-ճարտասանական առանձնահատկությունների յուրացմամբ։ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հովհաննես Երզնկացու և այլ մատենագիրների թղթերը Հայաստանի քաղաքական պատմության, սոցիալական շարժումների, դավանական պայքարի ու գիտական մտքի ընթացքը լուսաբանող սկզբնաղբյուրներ են։ Դրանց մի մասը մեզ է հասել նաև առանձին ժողովածուներով, որոնցից առավել կարևորներն են «Գիրք թղթոց»-ը (հրտ. 1901), Գրիգոր Մագիստրոսի 88 թղթերը (հրտ. 1910) և Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ» հավաքածուն (Վենետիկ, Մխիթարյան միաբանության մատենադարանի N» 1091 ձեռագիր)։