Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ղուրանը կազմված է 114 սուրաներից, որոնք իրենց հերթին բաժանվում են իմաստային հատվածների՝ այաների։ Վերջիներիս թիվը մեկ սուրայում տատանվում է 3-ից (103-րդ, 108-րդ, 110-րդ սուրաներում) մինչև 286 (երկրորդ սուրա)։ Ընդհանուր Ղուրանը կազմված է 6204–ից 6236 այաներից (ըստ տարբեր հաշվարկների)։ Սուրաները, որոշ բացառություններով, դասավորված են այաների քանակի նվազման կարգով՝ առանց որևէ իմաստային կամ ժամանակագրական հերթականության։ Բացառություններից է առաջին սուրան՝ Ալ-Ֆաթիհան, որում ընդամենը 7 այա կա։ Յուրաքանչյուր սուրա սկսվում է բիսմիլլահով՝ բիսմիլլահ առռահման առռահիմ (արաբերեն՝ بسم الله الرحمن الرحيم, Բարեգութ և գթասիրտ Աստծո անունով) մուտքով, բացառություն է կազմում միայն 9-րդ սուրան։
Ղուրանի գերակշռող մեծամասնությունը երկխոսության տեսքով բանավեճ է՝ մի կողմից մերթ առաջին, մերթ երրորդ դեմքով խոսող Աստծո և մյուս կողմից՝ իսլամի հակառակորդների և տատանվողների միջև։ Բացի բուն կրոնական և դիցաբանական սյուժեներից այն պարունակում է կրոնաիրավական բնույթի կարգադրություններ, որոնք սահմանում են «Աստծուն հաճելի» կենսակերպն ու վարվելաձևը, ծիսակարգի և երկրպագության որոշ կանոններ։ Ղուրանում արտացոլված են նաև Մուհամմադի կյանքի վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած որոշ պատմական իրադարձություններ։
Թեմատիկ առումով Ղուրանում կարելի է առանձնացնել մի շարք թեմատիկ խմբեր.
Մարգարեական սյուժեներ
Պատմական իրադարձությունների մեկնաբանություններ
Իսլամական իրավունքի նորմեր
Մուսուլմանական էսխատաբանություն և այլն։
Մուհամմադի քարոզները, որոնք հետագայում կազմեցին Ղուրանի տեքստը, հիմնականում հանդիսանում են նրա արձագանքը իր հակառակորդների փաստարկներին։ Ղուրանում չկա որևէ ներքին կառուցվածքային ամբողջականություն։ Մուհամմադի քարոզներում աղոթքները, անեծքները, խրատական պատմությունները, կրոնական կարգադրությունները և քաղաքացիական օրենքները հաջորդում են իրար՝ առանց որևէ համակարգի կամ հերթականության։ Այս հանգամանքը բացատրվում է ոչ միայն Մուհամմադի էքստատիկ վիճակով կամ նոր ուսմունքի շուրջ ծավալված լարված պայքարի հանգամանքներով, այլև հեթանոսական քրմական հմայություններին հանգող ժանրի առանձնահատկություններով։
Նախաիսլամական պոեզիայի հիմնական ձևի՝ կասիդայի 4-5՝ իրար հետ չկապված հատվածները կրկնվում և փոխակերպվում են տարբեր ստեղծագործություններում։ Ղուրանի ոչ մեծ չափսի սուրաներում (օրինակ՝ 44-47), որոնք տեսականորեն առավելագույնս են համապատասխանում բանավոր քարոզի պահանջներին, նույնպես, որոշ փոխակերպումներով, կրկնվում են որոշակի հատվածներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ներածություն», «բանավեճ», «խրատական պատմություն», «եզրակացություն»։
Ինչպես և կասիդայում, այստեղ նույնպես մի մասից մյուս մասի անցումը անսպասելի է և ընդհատուն, սյուժեի զարգացումը բացակայում է։ Ղուրանի, ինչպես և կասիդայի սյուժետային մասնատվածությունը պայմանավորված է ինչպես Մուհամմադի քարոզի բանավոր բնույթով, այնպես էլ այդ ժամանակաշրջանի մարդու մտածելակերպի առանձնահատկություններով, որն աչքի էր ընկնում առաջին հերթին պատկերայնությամբ և ասոցիատիվությամբ։ Անսպասելի անցումները, որոնք ուժողացնում են ունկնդիրների վրա ունեցած ազդեցությունը, իրականում այդքան էլ անսպասելի չեն՝ դրանք նախապատրաստվում են ասոցիացիաների նրբագույն խաղով։ Ղուրանում, ինչպես և նախաիսլամական պոեզիայում, մեծ տեղ են զբաղեցնում ֆորմուլային արտահայտությունները, ինչը, նույնպես, հանդիսանում է բանավոր մշակույթի կարևոր առանձնահատկություններից մեկը։