Ներսեհ
Դանիել Վարուժան «Ձոն»

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր, — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո՛ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն, — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն... — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜, հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜, մայր կարևեր — Եղեգնյա գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. — Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
© Դանիել Վարուժան