Ներսեհ
Երեքշաբթի Օրվա Աղոթք

Աղոթք երկնավոր Հորը, Երանելի Հովհաննես Գառնեցու կողմից ասված
(Աշխարհաբար)
Ամենախնամ և արարչագործ Աստը-ված, դու, որ այսօր քո գթառատ կամքով հավաքեցիր ջրերը երկրի վրայից ու լցրեցիր ծովի խորքերը, և բաժանեցիր ցամաքը ջրերից. և զարդարեցիր այն խոտերով ու ծաղկագեղ վայելչությամբ և տեսակ-տեսակ պտղաբեր ծառերով: Իսկ ես առաքինագործ պտուղներ տվող բարեբույս սերմերի փոխարեն երկիրն անձնային ծածկեցի հոգիս խոցոտող մեղքերը փշերով, և քաղցրու-թյուն բերող պտուղների փոխարեն աճեցրեցի դառն անօրենության մահաբեր պտուղ-ներ:
Սակայն դու, անոխակալ Տեր, քաղցրությամբ նայիր ինձ՝ քո կողմից ստեղծվածին, և քո ձեռքի գործը մի անտեսիր. արմատախիլ արա չարի փշերը և անօրենության պտուղները, որոնք ես ինքս պտղաբերեցի. և վերստին սերմանիր գիտակցությանս ու կամքիս մեջ հոգուս համար օգտակարն ու բարին՝ դրանք ընտրելու և կամակար սիրով վերցնելու համար:
Անօրենություններս գլխիցս վեր բարձրացան, և անօրենության տղմաշաղախ ջրերը ծածկեցին ինձ. և ահա պաղատում եմ քեզ, բարեգութ Տեր, ցույց տուր ինձ ցամաք երկիրը և նորոգիր սիրտս առավոտյան ու երեկոյան, քեզ՝ մարդասեր, ընդունելի բարի պտուղներ տալու համար:
Քո կողմից բնաբույս առաքինությամբ զարդարված իմացական աշխարհը ցամաքեց-րեցի հրով այրող չար հորդորների հողմով և սաստիկ տոթով, և թառամեցին հոգուս ծաղիկները, չորացան առաքինության ոստերը, և խամրեցին բարու բողբոջները:
Եվ ահա, երկտակված քեզ եմ կանչում, պարգևիչ կենաց, ցողիր քո մարդասիրական խնամքի ցողը, քանզի խեցու նման չորացել է իմ զորությունը, և տան խոտի պես սպառվեցի. և նորոգիր ինձ քո շնորհների նորոգությամբ ըստ նախնական պայծառու-թյան:
Արարեցիր ինձ որպես պատվիրանների ցանկապատով պատսպարված գեղեցիկ այ-գի, որպեսզի ի հաճույս պատշաճը գործող իմ Աստծուն քաղցրության ողկույզներ բերեմ. սակայն ես ապստամբ կամքով արհամարհելով քո պատվիրանները, չարաչար կյանքովս անբերրի դարձա և պտղաբերեցի բազմօրինակ անօրենության դառը խաղողը:
Եվ արդ, մարդասեր, խնայիր ինձ գթությամբ և դարմանիր այս այգին, որ տնկել ես քո աջով. ինձ վերստին ամրացրու կենաց պատվիրաններով և հեռացրու չարի ուժգին ձգտումները, որոնք վերընձյուղվում են իմ կամքին:
Որպեսզի առաքինության պտուղներն ստանալով արժանի լինեմ քեզանից օրհնութ-յուն ընդունել և երկնքի սրբերիդ հետ վայելել անճառ բարիքներդ ու գոհությամբ փա-ռաբանել ամենազոր արքայությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղօթք առ Հայրն երկնաւոր, Երանելոյն Յովհաննու Գառնեցւոյ ասացեալ
(Գրաբար)
Արարչագործ աստուած և ամենախնամ, որ յայս աւուր գթութեամբ կամաց քոց ժողովեցեր զջուրս որ ի վերայ երկրի՝ ի խորս ծովու, և զատուցեր զցամաքն ի ջուրց. և զարդարեցեր զայն զանազան բանջարօք և ծաղկագեղ վայելչութեամբ, և ազգի ազգի պտղաբեր ծառովք: Իսկ արդ երկիրս անձնաւոր՝ փոխանակ բարեբոյս սերմանց առաքինագործ արգասեաց՝ բուսուցի փուշս մեղաց խոցոտիչս հոգւոյ իմոյ, և փոխանակ բերոցն քաղցրութեան պտուղս անօրէնութեան դառինս և մահաբերս ինձ գոյացուցի:
Այլ դու անոխակալ տէր՝ հայեաց քաղցրութեամբ առ իս յարարածս քո, և մի անտես առներ զգործս ձեռաց քոց. խլեա յինէն զփուշս չարեաց և զարգասիս անօրէնութեան՝ զոր ես ինձէն պտղաբերեցի. և սերմանեա վերստին ի միտս և ի կամս իմ զբարին և զօգտակարն հոգւոյ իմոյ՝ յօժարիլ և ընտրել զայն, և առնել կամակար սիրով:
Անօրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ, և տղմաշաղախ ջուրք մեղաց ծած-կեցին զանձն իմ. և ահա առ քեզ առ բարեգութ տէրդ իմ պաղատիմ, երևեցո զիս իբրև երկիր ցամաք, և նորոգեա զսիրտ իմ բերել պտուղս բարիս զկանուխն և զանագան ըստ հաճոյից քոց՝ մարդասէր:
Երկիրս բանաւոր՝ զոր զարդարեցեր բնաբոյս առաքինութեամբ ցամաքեցավ ի հրա-տապ հրապուրանաց իշխանին օդոյս այսորիկ՝ որպէս դալարի ի սաստիկ տօթոյ, և թօթափեցան ծաղիկք հոգւոյս. գօսացան ոստք առաքինութեան, և խամրացան բողբոջք բարեաց:
Եւ ահա կորացեալ անձամբ առ քեզ աղաղակեմ պարգևիչ կենաց, ցօղեա յիս զցօղ խնամոց մարդասիրութեան քո, զի չորացաւ որպէս խեցի զօրութիւն իմ, և որպէս խօտ տանեաց ցամաքեցայ. և նորոգեա զիս նորոգութեամբ շնորհաց քոց ըստ առաջնումն պայծառութեան:
Արարեր զիս այգի վայելուչ ցանկով օրինաց պատսպարեալ՝ առ ի բերել ողկոյզս քաղցրութեան ի հաճոյս անկագործողիդ իմոյ աստուծոյ. իսկ ես ապստամբ կամօք արհամարեալ զօրէնս քո, խոպանացայ չարաչար գնացիւք, և պտղաբերեցի խաղող դառնութեան բազմօրինակ անօրէնութեան:
Եւ արդ մարդասէր՝ խնայեա յիս գթութեամբ, և դարման տար այգւոյս այսմիկ զոր տնկեաց աջ քո. ամրացո զիս վերստին օրինօքդ կենաց. և ի բաց արա յինէն զբաղձանս չարեաց՝ որք ստեղնին ի կամս իմ:
Որպէս զի վաստակեալ յարդիւնս առաքինութեան՝ արժանի եղէց ընդունիլ զօրհնու-թիւն առ ի քէն և վայելել յանճառ բարիսդ ընդ սուրբս քո յերկինս, և գոհութեամբ փառաւորել զամենազօր տէրութիւն քո յաւիտեանս յաւիտեանից. ամէն: