top of page
  • Writer's pictureՆերսեհ

Իվան Նիկիտին «Աստղեր շողուն…»


Աստղեր շողո՜ւն, աստղեր պայծա՜ռ,

Երկինք կապուտա՜կ.

Շողշողում է և՜ խիտ անտառ

Լուսնի շողի տակ։


Ջուրն է նայում, ջինջ հայելում

Անտառը նիրհած.

Անտառի լուռ թավուտներում

Խավարն է փըռված։


Հընձվորներն են թըմբերի մեջ

Խումբ-խումբ նըստոտել,

Ծիծաղում են, խոսում անվերջ,

Խարույկ բորբոքել։


Արոտներում մարդահասակ

Շըղթան ոտքերին,

Թափառում է մըթնում մենակ

Գյուղի ճերմակ ձին։


Եվ խոր երգ է զիլ ըսկսում

Աշխույժ երգասան.

Խըմբի միջից դուրս է վազում

Գյուղի ջահել տղան։


Գընդակն առնում, օդն է նետում

Բըռնում—աչքը փա՜կ.

Նա պարում է, նա թըռչկոտում.

Սուլում, զերթ սոխակ։


Ձայն է տալիս երգին սիրուն

Լորին մարգերում.

Երգն է գընում, մարում հեռուն,

Արձակ դաշտերում…


Լըճեր փայլո՜ւն, հարթ-հավասա՜ր,

Անծա՜յր, ճո՜խ վայրեր.

Ջըրածոցեր ջինջ ու պայծա՜ռ.

Ոսկի՜ ճոխ արտեր։


Վերև—աստղե՜ր, ներքև—դաշտե՜ր,

Եղեգնի՜ պուրակ…

Եվ բըխում են սըրտից երգեր

Ազա՜տ, համարձա՜կ…


© Իվան Նիկիտին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page