top of page
  • Writer's pictureՆերսեհ

Համո Սահյան - Աշխարհը նույնն էր մնացել

Աշխարհը նույնն էր մնացել

Եթե աշխարհը նույնն էր մնալու,

Եթե քո ջանքից

Նրա բեռը չէր թեթևանալու,

Էլ ո՞վ էր ասում,

Որ այնքան ծանր հոգսերը նրա

Առնեիր քո թույլ ուսերի վրա։

Եթե քո առաջ դուռ էր փակելու

Եվ չէր դնելու ականջը լանջիդ,

Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու

Ամեն մի կանչիդ.

Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,

Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,

Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,

Որ նրա ամեն շշուկը բռնես,

Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,

Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,

Մեռնես, համբառնես…

Էլ ինչո՞ւ էիր,

Բոբիկ ոտներդ մաշում քարերին,

Փորձում անհնարն ու անկարելին,

Եթե աշխարհը նույնն էր մնալու,

Եվ ինչ-որ չափով

Չէին մաշվելու հոգսերը նրա։

Բայց էլի, սիրտ իմ,

Շնորհակալ եմ ես հազար անգամ,

Որ գոնե ինքդ բեռ չմնացիր

Աշխարհի հոգնած ուսերի վրա։


© Համո Սահյան

52 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page