top of page
  • Writer's pictureՆերսեհ

Համո Սահյան «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել»


Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,

Եղել եմ և տերդ:

Ինչքան որ ուժերս ներել,

Ներել եմ մեղքերտ:

Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,

Չեմ լքել պատկերդ,

Երեսով չեմ տվել երբեք

Ուշացած պարտքերդ:

Երգել ես, լցվել եմ երգով,

Իզուր է հերքելդ,

Եվ թաքուն այրվել եմ, երբ որ

Այրվել են վերքերդ:

Տվել եմ քեզ բախտս անխառ,

Արևս, երկինքս

Եվ ինչքս, որ մինչև անգամ

Չունեի ես ինքս:

Տվել եմ, չեմ առել ոչինչ,

Շնորհ էր շիկնելդ,

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,

Հերիք էր լինելդ:

Ինձ համար հերիք էր արդեն

Ժպտալդ ու լալդ,

Երբ գալդ պարգև էր մի մեծ,

Ու մնաց մնալդ:

Եվ դարձյալ առնելիք չունեմ,

Բայց շատ է տալիքս,

Ներիր ինձ, ներիր ինձ, եթե

Չների տարիքս:

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,

Եղել եմ և տերդ,

Ինչքան որ ուժերս ներել,

Ներել եմ մեղքերդ:


© Համո Սահյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page