• Ներսեհ

Նադեր Նադերփուր «Հեռավոր Աստղ»


Աղաղակում են Հայացքները պաղ հայելիներում. — Փրկեք մեզ ոսկյա շրջանակներից, Չէ՞ որ երբեմնի եղել ենք ազատ:

Աղաղակում են պատերը խարխուլ. -Ազատեք մեզ այս մեռյալ ծեփերից, Հում աղյուսներն էլ բավական են մեզ:

Երկնքում ցրված խոնավ աչքերով Աստղերը մոլոր Կախվել են անքուն քամու փոշերից. — Քամի, ով քամի, Մենք այսպես չէինք մեր ծնված օրից, Մենք արտասուքի կաթիլներ էինք Ճիչերից հետո:

*** Ոչ, քամի չեմ ես, Բայց միշտ կարոտ եմ եղել ճչալու: Պատ չեմ հիրավի, Բայց միշտ ինձանից կառչած են եղել Ծեփերը մեռյալ: Ոչ, հայացք չեմ ես պաղ հայելու մեջ, Բայց տեսեք վիշտն ինձ ինչպես է մաշել:

*** Վերջապես ես այն աստղն եմ հեռու, Որ խմում է իմ արցունքները ջինջ Ու չի հագենում…


© Նադեր Նադերփուր

Թարգմանությունը՝ Համո Սահյանի

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում