Ներսեհ
ՆԱԶԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ Պատուի տարբեր ըմբռնումները Շիրուանզադէի «Պատուի համար» դրամայում
Updated: Jun 23, 2020
ԳՐԱԿԱՆ

ՆԱԶԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ
Երեւանի Պետական Համալսարանի
Հայ բանասիրութեան ֆակուլտետի
առկայ բակալաւրիատի 4-րդ կուրսի
ուսանողուհի
ՊԱՏՈՒԻ ՏԱՐԲԵՐ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ
ՇԻՐՈՒԱՆԶԱԴԷԻ «ՊԱՏՈՒԻ ՀԱՄԱՐ» ԴՐԱՄԱՅՈՒՄ
Ալեքսանդր Շիրուանզադէն (Ալեքսանդր Մինասի Մովսիսեան) ծնուել է 1858 թուականի ապրիլի 7-ին, Շամախի քաղաքում: Շիրուանզադէն ապրել եւ գործել է բուրժուական կեանքի խաւարի մէջ, եւ այս հասարակարգի խորը քննադատութիւնը դարձել է նրա ստեղծագործութեան հիմնական ու գլխաւոր թեմաներից մեկը:
1904 թուականին Շիրուանզադէն գրում է իր գլուխգործօցը` «Պատուի համար»-ը` նպատակ ունենալով հրապարակել հայ բուրժուազիայի կեանքն ու գործունէութիւնը: Ինչպէս նշուեց, դրաման գրուել է 1904 թուականին, բայց ստեղծագործական փնտրտուքները, ուսումնասիրութիւնները սկսուել են դեռեւս 1980-ական թուականներից, երբ երիտասարդ գաւառացին իր աչքով էր տեսնում բուրժուական հասարակութեան ներկայացուցիչների արիւնալի պայքարը, թալանը, զեխութիւնն ու ողջ անմարդկայինը, որ իր մէջ պարունակում էր այդ հասարակարգը: Տեղին է մէջբերել Շիրուանզադէի խոսքերը. «Իմ աչքերի առջեւ մարդ էակն իր նմանի կոկորդը բռնած, պատին սեղմելով, խեղդում էր, եւ ոչ մի անցորդ չէր փորձում խեղդուողին ազատել: Իրարու բոթելով ու հրելով` իւրաքանչիւրն աշխատում էր իր տեղը լայնացնել մրցման ասպարէզում, եւ իհարկէ, տուժում էին նրանք, որոնք անզօր էին իրենց ոտների վրա կանգնելու: Թաւալելով տկարներին` զօրաւորներն անցնում էին` առանց յետ նայելու, շատ անգամ իրենց զոհերի դիակը կոխկռտելով երկաթէ կրունկներով: Վէրջին չորս տարիները Բաքւում ես ընկել էի մի միջավայր, ուր ընկերոջ վերջին կոպեկը գողանալը եւ նրա զաւակներին մի կտոր հացից զրկելը համարվում էր խելքի ու եռանդի ապացոյց եւ ոչ միայն չէր դատապարտւում, այլեւ դառնում էր նախանձի առարկայ: Հարիւրաւոր դէպքեր են անցել իմ աչքերի առջեւ միմեանցից այլանդակ, միմեանցից զազրելի: Նրանցից ես ընտրել եմ Անդրէաս Էլիզբարովին ու Սաղաթէլին «Պատուի համար»-ի մէջ: Այսօր ես մի առ մի մտաբերում եմ այդ տիպերը եւ սոսկումով եմ պատկերացնում այն խաւարը, ուր ես անցել եմ իմ երիտասարդութեան լաւագույն տարիները»[1]:
Շիրուանզադէն շատ ուշադիր ու սեւեռուած յետեւել է հայ բուրժուազիայի կեանքին` կազմաւորումից (1880-ական թուականներ) մինչեւ անկում (1905 թուական): Այն գաղափարը, որ բուրժուազիան մարդկութեան խոցն է, մեծ ռէալիստի մօտ աւելի է ամրապնդուել եւ այդ բոլորը նա խտացրել է դրամայի մէջ:
Այս աշխատանքում մեր խնդիրն է նորովի ներկայացնել դրամայի հերոսներին, նրանց պատուի ըմբռնումները, եւ իհարկէ, փորձել «արդարացնել» նրանց իրենց ժամանակի մէջ:
Շիրուանզադէն, որպէս մեծ ռէալիստ, «Պատուի համար» դրամայում կերտել է ամբողջական, հոգեբանօրէն համոզիչ կերպարներ, նրանցից իւուրաքանչիւրն իր ժամանակի ծնունդն է:
Էլիզբարեանների ընտանիքը բարոյականութեան, պատուի, ազնւութեան մասին տարբեր պատկերացումներ ունեցող անհատների մի խմբաւորում է: Դրամատուրգը բեմ է հանել ընտանիքի անդամներին, որոնք, կարծես, գործում են հենց այնպէս, իրենք իրենց համար, սեփական շահի գերադասումով: Այս ամենի շնորհիւ Շիրուանզադէն ստեղծել է 1905 թուականի նախօրեակն ապրող բուրժուազիայի բարոյական անկման ցնցող պատկերը: Էլիզբարեանների ընտանիքի անդամներն ունեն միմեանց կապող միայն մէկ օղակ` մերկ հաշիւ: Այս ընտանիքն իր մէջ կրում է հասարակութեան բոլոր հիւանդութիւնները: Միլիոնատիրոջ ընտանիքում չկան ընտանեկան սրբազան յարաբերութիւններ, նրանք միմեանց օտար են եւ պատրաստ են սեփական փառքի, վայելքի, պատուի իւրօրինակ ըմբռնման, անձնական շահի համար պատառ-պատառ անել միմեանց:
Թւում է` փողը երջանկութեան երաշխիքն է, սակայն Շիրուանզադէի հերոսները երջանիկ չեն, ինչպէս «Պատուի համար»-ում, այնպէս էլ միւս ստեղծագործութիւններում («Նամուս», «Քաոս»): Էլիզբարեանները պարզապէս զառամախտ էին ապրում:
Այժմ անդրադառնանք մի հարկի տակ ապրող օտար հարազատներին եւ նրանց ընտանեկան դրամայի պատճառներին: Դրամայի երկրորդ տեսիլում յայտնւում է Սուրէնը` Էլիզբարեանների կրտսեր որդին, ով քսաներեք տարեկան հասակում արդէն ձանձրացել էր կեանքից: Նա քեռուց` Սաղաթէլից 300 ռուբլի էր խնդրում, դրսում նրան սպասում էր ինչ-որ կարեւոր, «կենսական», ճակատագրական «գործ», որը վճռելու էր իր պատուի եւ յեղինակութեան հարցը. «Քեռի՛, եթէ այս րոպէին երեք հարիւր ռուբլի չունենամ - կխայտառակուեմ: Պատուի խնդիր կայ մէջտեղը: Եթէ ինձ սիրում ես - մի՛ ուշացնիր»[2]:
Սուրէնը միայն այս ընտանիքի անդամը չէ, այլ «ոսկի երիտասարդութեան» ներկայացուցիչը, ինչպէս Միքայէլն ու Արշակը «Քաոս» վէպում: Սուրէնի համար պատուի խնդիր է մրցել քաղաքի առաջին հարբեցող Աբուլովի հետ, փող ունենալ գրպանում թղթախաղի կանաչ սեղանի շուրջը կոտր չընկնելու համար, քարշ գալ օպերային երգչուհիների յետեւից եւ փայլել գիշերային ցօփ խրախճանքներում: Նա իր տեղը չի գտնում այն մտքից, որ փող չունենալու պատճառով օպերային երգչուհի Առլովան երես կդարձնի իրենից եւ կգնայ Աբուլովի մօտ: Սուրէնը ձանձրացել է կեանքից, որովհետեւ ցօփ ու շուայտ կեանքը սպառել է նրա եռանդը…
ՍՈՒՐԷՆ - … Առանց փողի, ես համարեայ առանց ոտների եմ: Ես էլ եմ ատում փողը եւ միշտ աշխատում եմ նրանից բաժանուել: …Բայց, այնուամենայնիւ, առանց փողի տխուր է: Ա՜խ, Մարգարիտ, կեանքը շատ տխուր բան է (քիչ լռում է): Տխուր է, շատ տխուր: Ես ուղղակի ձանձրացել եմ կեանքից:
ՄԱՐԳԱՐԻՏ - (Շրջուելով, թախծալի յանդիմանութեամբ): Քսան ու երեք տարեկան հասակում:
ՍՈՒՐԷՆ - Քի՞չ է: Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում ու շուտ ձանձրանում: Ազնիւ խօսք, հիմայ ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ (հանում է գրպանի ռեւոլվերը): Ա՛յ, տե՛ս, մի հարուած` եւ Ռուբիկոնն անցայ (էջ 158):
Շիրուանզադէի խնդիրը Սուրէնի միջոցով ներքին` ընտանեկան այլանդակուած յարաբերութիւնների պատկերումն է: Սաղաթէլի եւ Սուրէնի խոսակցութիւնը ցուցադրում է նաեւ այս պատկերը: Սուրէնը պէտք է դրսում իր զեխ ու շուայտ կեանքը շարունակի, վատնի հօր կուտակած հարստութիւնը… ահա այս «կարեւոր» հարցն է նրան հակասութիւնների մէջ գցում տանեցիների հետ: Հենց այստեղ է վերանում հարազատութիւնը եւ մէջտեղում մնում է միայն կանխիկ հաշիւը: Սուրէնը շայլոկեան պայմաններով «վեքսելներ» է ստորագրում քեռու յետ այն պայմանով, որ հօր մահից հետո կվճարի պարտքերը, բայց այս ամենի հետ էլ թաքուն յոյս է փայփայում, որ քեռին աւելի շուտ «կուղեւորուի վերին Երուսաղեմ», եւ ինքը կազատուի պարտքերից: Ի՞նչ է հետեւում: Եթէ այդպիսին են մերձաւոր հարազատները միմեանց նկատմամբ, ապա որքա՜ն սոսկալի ու դաժան են նրանք դրսի մարդկանց նկատմամբ:
Պաշտպանելով իր շահերն ու վարքագիծը, ապրելով ու գործելով միայն իր համար` Սուրէնը տանեցիների առաջ ունէր արդարացում: Մօր այն խօսքին, թէ ինքը ոչ թէ որդի է, այլ Աստուծոյ պատիժ, Սուրէնը տալիս է մի պարզ պատասխան, որը, կարծես, իր միակ արդարացումն էր: Նա վրդովուած պատասխանում է` «Ինչու՞. Որովհետեւ ապրել եմ ուզում: Այնպէս, ինչպէս ապրում են իմ բոլոր ընկերները» (էջ 142): Այս տեսանկիւնից հարց է առաջանում. մի՞թէ ճիշտ չէր Սուրէնի արդարացումը… նա իր ժամանակի ծնունդն էր, նա յայտնուել էր մի միջավայրում, որտեղ բոլորը իր նման էին: Նա ապրում էր բոլորի պէս, եթէ փոխուէր, ապա «ոսկի երիտասարդութեան» ներկայացուցիչները նրան դուրս կշպրտեին իրենց շարքերից: Սուրէնն ամէն կերպ արդարացնում է իր վարքագիծը, երբ նրան մեղադրում են հայրական միջոցների շռայլման եւ անառակութեան մէջ, նա կարողանում է գտնել ամենահարմար պատասխանը. «Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ» (էջ 126): Այս խօսքերը մի կում թուք են սեփականատիրական հասարակութեան երեսին:
Շիրուանզադէն Սուրէնի միջոցով արտայայտում է բարձր մտքեր: Միայն Սուրէնը կարող է արհամարհանքով վերաբերուել փողին, որն իր համար կեղտ էր, իսկ հօր, եղբօր, քեռու համար` «հայր ու հաւատամք»: Սուրէնը միաժամանակ այդ հասարակութեան դատաւորն է: Նա աւելի բարձր է կանգնած հօրից, եղբօրից, քեռուց, եւ երբ իմանում է, որ հայրը կողոպտել է սեփական ընկերոջը, առաջարկում է, որ հայրը պարտաւորուի բաւարարութիւն տալ զրկուածներին: Դրական է նաեւ այն, որ քայքայուած ու բարոյալքուած Սուրէնի մէջ աւելի շատ խիղճ կայ, քան կրթուած ու դիպլոմաւոր բուրժուազիայի` ի դէմս իր եղբօր` Բագրատի: Կարծէս թէ Շիրուանզադէն հասարակութեան մաքրագործումը կապում է Սուրէնի հետ այն հիմքով, որ նա եւ իր նմանները չունեն «կուտակման հիւանդագին մոլուցքը»: Բաւական է Սուրէնին համեմատել աւագ եղբօր` Բագրատի հետ տեսնելու համար նրանց գործերի հակադրութիւնը: Առաջինը բարոյալքուած է, ծայրայեղօրէն գերի է կրքերին, զուրկ իդեալից եւ հեռանկարից, երկրորդը զուսպ է, կազմակերպուած, աշխատասէր, ունի նպատակ ու առաջ գնալու մեծ ծրագրեր: Առաջինը «ոսկի երիտասարդութեան» ներկայացուցիչն է, երկրորդը` բուրժուական կեանքի հրամանատարներից մէկը, կրթուած ու դիպլոմավոր ինժեներ-տեխնոլոգ, որը ցանկանում է դառնալ ժամանակի ֆինանսական հզօր սիւներից մէկը:
Բուրժուական հասարակութեան այդ ներկայացուցիչը հօր ողջ կապիտալը դրել է շրջանառութեան մէջ եւ գործարան է կառուցում: Նա Սուրէնի առաջին թշնամին է, գաղափարական հակառակորդը: Իր նպատակին հասնելու համար կանգ չառնելով միջոցների առաջ` նա պատրաստ է անգամ անցնել մերձաւորների դիակների վրայով: «Մեր ժամանակներում բանականութիւնը եւ փողը պէտք է շարժման մէջ լինեն», ահա նրա նշանաբանը, նրա պատուի ըմբռնումը, որը բացառում է մարդկային զգացմունքները, իբրեւ դատարկ եւ սենտիմենտալ ֆրազներ:
Սուրէնի` Բագրատին տուած բնորոշումն էլ աւելի է բացում ինժեներ-տեխնոլոգի հոգեկան աշխարհն ու սոցիալական էութիւնը: «Եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլեանտը, աստառը շուռ տուած ամերիկացին», - այսպիսի բնորոշում է տալիս հարազատ եղբայրը, եւ դրանով էլ աւելի խտացնում «զարգացած» բուրժուազիայի բոլոր գծերը: Իր հօր անմարդկային արարքների բացայայտումն անգամ ոչինչ չի փոխում Բագրատի պլանների մէջ: Իրեն եռանդի, խելքի ու բանականութեան դարի իսկական ներկայացուցիչ համարող այդ եսասերը իւրովի է մօտենում հարցին: Նա վախ է ապրում, նրան անհանգստացնում է սնանկացումը եւ ոչ թէ անպատւութիւնը: Բագրատը սարսափում է այն մտքից, որ իր գործարանի շինարարութիւնը կարող է կիսատ մնալ, եւ եթէ այդպիսի բան լինի, իր բոլոր ծրագրերը յօդս կցնդեն: Հենց դրա համար է, որ հօր ունեցուածքի պահպանումը նրա համար պատուի խնդիր էր դարձել: Բագրատը վէճի է բռնվում Մարգարիտի հետ, ամէն կերպ փորձում է արդարացնել կողոպուտի ու թալանի սկզբունքը. «Ա՛հ, ու՞մ հայրը չի զրկել մէկին կամ միւսին, այս կամ այն կերպ: Վերջապէս հենց նորերից ո՞ր մէկը չի զրկում կամ հարստահարում, տարբերութիւնն այն է, որ հները զրկում են հին ձեւով, նորերը զրկում են նոր ձեւով» (էջ 167):
20-րդ դարը ասպետների ու ազնիւ զգացումների, «դատարկ խղճի» եւ «վայրիւերոյ ֆրազների» դար չէ, պէտք է համակերպուել դարի ոգու հետ: Այս է Բագրատի սկզբունքների ամբողջութիւնը: Օթարեանի փաստաթղթերը նրան միայն իր շահի համար են հետաքրքիր, նրան չի հետաքրքրում, թէ ինչ կպատահի հօր եւ Մարգարիտի հետ, նրան շահագրգռում են սոսկ իր շահն ու փառքը. «Խղճի ու ազնւութեան մասին ամէն մարդ իր գաղափարն ունի, էականն այն է, որ եթէ այդ թղթերն անցնեն Օթարեանի ձեռքը, ես կզրկուեմ իմ գործարանից, իսկ դա կնշանակի ծով նետել իմ բոլոր ծրագրերը: Շատ լաւ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ոյժին, ազդեցութեանը եւ բախտաւորութեանը: Ես ուզում եմ լինել հզօր ֆինանսական սիւն, մէկն այն հսկաներց, որոնց ձեռքում է մեր ժամանակի ամենամեծ ուժը - կապիտալը» (էջ 166): Եւ կրկին նոյն հարցն է առաջանում, որին անդրադարձանք Սուրէնի առիթով: Մի՞թէ Բագրատը ճիշտ չէր, չէ՞ որ նա իր ժամանակի մէջ էր, նա ամբողջութեամբ պատկանում էր այն միջաւայրին, որի ծնունդն էր: Նա որդեգրել էր իր ժամանակի մեջ, իր միջավայրում հզօրներից մէկը դառնալու սկզբունքը, դրել էր նպատակ, որի միջոցները եւ դրանց հետեւանքները նրան չէին հուզում: Բայց այդպիսին էին ժամանակները, այդպիսին էր միջավայրը, որոնք ամբողջութեամբ համապատասխանում էին Բագրատի որդեգրած սկզբունքներին: Նա կենդանի կերպար է դառնում դրամատիկ պայքարի մէջ ունեցած տեղով ու բազմաթիւ «մանրուքներով»: Նա ատում է խաւարը, տրամադրութիւն բառը` ասելով, որ մարդն ինքն է կառավարում իր տրամադրութիւնը: Նա թշնամի է երազանքին ու պոեզիային, նա բիզնեսի մարդ է եւ առանց շահի որեւէ աւելորդ շարժում չի անում: Մի խօսքով` նա կրթուած եւ դիպլոմ ձեռք բերած Սաղաթէլ է, ում կերպարով կարելի է պատկերացում կազմել բուրժուական հասարակարգի հին սերնդի մասին:
Էլիզբարեանների ընտանիքում փողի հիւանդաբեր մոլուցքով է տառապում նաեւ նրանց մեծ դուստր Ռոզալիան: Նա, ինչպէս միւսները, ունի պատուի իւրօրինակ ըմբռնում: Նա հօր ունեցուածքը վատնում է պարահանդեսների ու փետրազարդ գլխարկների վրա: Նրա համար պատուի խնդիր է` ձեռք բերել այնպիսի գլխարկ, ինչպիսին չունի օրիորդ Իլդարեանը: Ռոզալիան ատում է Արտաշէս Օթարեանին, որովհետեւ վերջինս նրան ուշադրութեան չէր արժանացրել, եւ այժմ, երբ Մարգարիտը ներկայացնում է իրենց հօր մեղաւորութիւնը, Ռոզալիան պաշտպանում է հօրը` ասելով, որ ինքը հօր հարազատ զաւակն է եւ պարտաւոր է սիրել ու պաշտպանել նրան, թէկուզ եթէ նա վերջին տեսակի աւազակ լինի: Բայց այս ամէնը նա ասում է ոչ թէ հօր յանդէպ սիրուց դրդուած, այս ամէնը նրան գերադասելի է անձնական շահի ու պատուի սեփական ըմբռնման տեսանկիւնից: Ռոզալիան ապրում է իր միջավայրին հարազատ կանօններով ու մոդայով:
Այս ժամանակաշրջանի բոլոր բացասական գծերն իր մէջ ամբողջացնում է Սաղաթէլը: Նա ճարպիկ գիշատիչ է, որն ամբողջ կեանքում գռփել ու թալանել է` առանց «արդարացուցիչ դոկումենտի»: Նրա կարծիքով բոլոր մարդիկ գող են, նա չունի խիղճ, այն «փոր կշտացնող» չէ: Դիպուկ է նրա խօսքը խղճի մասին. «Խիղճը լաւ բան է, միայն, ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռքը եւ օր օրի վրայ մաշվում է տանջանքից» (էջ 130):
Սաղաթէլի կերպարի հոգեբանական շերտերը ի յայտ են գալիս ընտանիքի հօր` Անդրէաս Էլիզբարեանի կերպարի հետ համատեղ: Երկուսն էլ ծնուել են մի ամբողջ դասակարգի գործունէութեան բովում: Նրանց հաւատամքը մի գայլային օրէնք է, որ ստեղծուել է մարդու դէմ մղուող պայքարում:
Սաղաթէլի, Բագրատի, Ռոզալիայի, Սուրէնի, բացասական այս հերոսների շարքը լրացնում է ընտանիքի հայրը, դրամայի գլխաւոր հերոս, նաւթարդիւնաբերող Անդրէաս Էլիզբարեանը: Նա բուրժուազիայի հին սերնդի ներկայացուցիչներից է, ինչպէս Մարկոս աղա Ալիմեանը «Քաոս» վէպում: Էլիզբարեանն էլ քաղաք է եկել գիւղից, մասնակցել նաւթի համար մղուող գիշատիչ պայքարին, կատարել բազում ստորաքարշ աշխատանքներ, տարել թուք ու մուր եւ ձեռք բերել հարստութիւն: Նա իր ունեցուածքը ձեռք է բերել թալանի ու կողոպուտի միջոցով, եւ հենց այդ պատճառով էլ ստոր կարծիք ունի մարդու մասին. «Մարդս անասուն է, ցեխի մէջ որ տեսնես, պէտք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թէ ձեռքից բռնես, բարձրացնես» (էջ 129): Նա եւ Սաղաթէլը ներկայացնում են այն մարդկանց խումբը, ովքեր առաջնորդւում են «մարդը մարդուն գազան է» գիշատչային ու անմարդկային սկզբունքով, նրանք թալանում են, կողոպտում են եւ ոտքերի տակ գցում մարդկային արժանապատւութիւնը:
Անդրէաս Էլիզբարեանը երիտասարդութեան տարիներին կողոպտել էր իր ընկերոջը` Առաքել Օթարեանին: Օգտուելով վերջինիս հիւանդութիւնից` Էլիզբարովը իրենով էր արել Օթարեանի բաժին ունեցուածքը: Նա իր խնամակալութեան տակ էր առել Օթարեանի կնոջը, տղային եւ երկու դուստրերին, իբրեւ նրանց բարերար եւ որդեգիր, բայց տարիներ անց յայտնւում են ապացոյցներ` փաստաթղթերի տեսքով, որոնք ապացուցում են նրա յանցանքը, վտանգւում է Էլիզբարեանի պատիւը, ընկնում է նրա տան հեղինակութիւնը:
Դրամատուրգը պայքարի առաջին գիծ է մղում Մարգարիտին` Էլիզբարովի կրտսեր աղջկան, որը փաստաթղթերը ձեռքին, արդարութիւն եւ ճշմարտութիւն է պահանջում հօրից: Պայքար է գնում սոցիալական շահերի եւ անձնական զգացումների միջեւ, կոնֆլիկտն ընդունում է նաեւ հոգեբանական բնոյթ, որովհետեւ իւրաքանչիւր հերոս կանգնում է երկընտրանքի առաջ` ու՞մ կողմ կանգնել, ու՞մ պատիւը պաշտպանել:
Էլիզբարովի համար անսպասելի էր իրողութիւնների նման ընթացքը, նրա մտքով անգամ չէր անցնում, որ Առաքելի կինը պահել է փաստաթղթերը: Բացուել էր ոճրագործութիւններից ամենածանրը, եւ Էլիզբարովին թւում էր, թէ բոլորն իր դէմ են դուրս եկել, եւ որ ինքն ամենուր շրջապատուած է թշնամիներով: Հոգեկան այս վիճակը դիպուկ է բնորոշում Սուրէնը. «Գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կծոտում» (էջ 169): Հոգեկան խռովքի մէջ Էլիզբարովը ցասման խօսքեր է ասում, ընտանիքում նրան ոչ ոք չի հասկանում, բոլորի համար նա փողի տոպրակ է, ուրիշ ոչինչ…
Էլիզբարովի մեղքն ապացուցող փաստերը սեփական դստեր ձեռքում են, եւ աւելի ուժեղ է հօր եւ աղջկայ հակասութիւնը` պատուի համար մղուող պայքարի շղթայի ամենակարեւոր օղակը: Էլիզբարովը փորձում է աղջկան սիրաշահել` բանեցնելով տասնեակ տարիների փորձը: Նա խնդրում է, աղերսում, երբեմն սիրոյ ցոյցեր անում: Նա անգամ Մարգարիտին առեւտրական գործարքի մեջ է ցանկանում ներքաշել` խոստանալով հարուստ օժիտ` փաստաթղթերի փոխարէն: Բայց աղջիկն անդրդուելի է, նրան յարկաւոր է միայն պատուի օժիտ: Էլիզբարովը ծանր դրամայ է ապրում, որովհետեւ նրա առջեւ դրուած է դժուար հարց` ու՞մ պատիւը փրկել, ի՞ր, թէ՞ աղջկայ, որը թղթերի ապահովութիւնը իր պատուով էր երաշխաւորել: Սեփական պատիւը փրկելու համար նա պէտք է զոհի աղջկայ պատիւը` մի նոր, աւելի ծանր ոճիր դնելով իր ուսերին: «Ասում է, դու պարտաւոր ես տալ նրանց բոլորը, ինչ հասնում է օրէնքով… Կարծում է, այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թէկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ: Իսկ պատի՞ւս: Ի՞նչ կմտածեն մարդիկ» - դիմում է Էլիզբարովը իր աջակցին (էջ 164): Սաղաթէլը հաստատում է Էլիզբարովի ասածները` կրակի վրայ իւղ լցնելով. «Ի՞նչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր եւ այժմ, դատարանից վախենալով, գողացածը յետ է տալիս: Արի ու այն ժամանակ երեւացիր հասարակութեան մէջ: Աչքերդ թքով կհանեն…Իսկ ե՞ս… Ես քեզ կհամարեմ հիմարի մէկը…» (էջ 165): Ահա Էլիզբարովի պատուի ըմբռնումը` չխայտառակուել հասարակութեան առաջ, անգամ եթէ դա շատ ծանր գին արժենայ…
Հարցը վճռւում է: Էլիզբարովը որոշում է փրկել իր պատիւը: Արդեօ՞ք մեղաւոր էր նա, այդ էին թելադրում սոցիալական միջավայրն ու բնազդը, նա այլ կերպ վարուել ու ոճիր չգործել չէր կարող: Նոր ոճիրի համար Էլիզբարովը գտնում է դաշնակիցներ` Սաղաթէլը եւ գիշերային խաւարը: Սկզբում նա երկւութիւն է ապրում, նրա սիրտը վկայում է գալիք ողբերգութիւնը` «Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել»… (էջ 171):
Բացառիկ ոյժ է ստանում Սաղաթէլի կերպարը: Թւում է, թէ նրան իշխում է Էլիզբարովը, բայց տեսնում ենք հակառակը, այս չարագործն իսպառ ոչնչացնում է Էլիզբարովի խղճի մնացորդները: Նրա պատուի խնդիրն էր` չկորցնել հասարակութեան մէջ իր ազդեցիկ կերպարը, ի վերջոյ նոր հողեր ձեռք բերել, իսկ քրոջ դստեր ճակատագիրը նրան բոլորովին չի յուզում: Սաղաթէլը տեսնում է, որ Էլիզբարովը հոգեբանական երկւութեան մէջ է: Փորձուած գիշատիչը շատ լաւ գիտէր, թէ նման վճռական պահերին որքան անօգտակար է մտածելը, նա զգում է այդ վտանգը եւ մեծ հմտութեամբ կանխում: Էլիզբարովի մէջ պայքարում են մարդն ու հանցագործը, հայրն ու միլիոնատերը, սեփական եւ դստեր պատուի զգացումը: Նա դատապարտում է իր արարքը, յիշում է անցեալում կատարած իր բոլոր ոճրագործութիւնները, եւ թէեւ հազար ու մի փորձանք է անցկացրել, հազար ու մի երդում է դրժել, միամիտների է խաբել ու կողոպտել, բայց այժմ դողում է: Եւ դա բնական է, չէ՞ որ նա հայր է եւ սիրում է իր դստերը, բացի այդ, նա շատ լաւ է ճանաչում իր դստեր ազնիւ ու մաքուր բնաւորութիւնը, նրա ճշմարտասիրութիւնը: Էլիզբարովը շատ լաւ է հասկանում, որ այս ոճիրի հետեւանքով հենց ինքն է մեծ կորուստ ունենալու, ահա նրա տառապանքի ենթատեքստը: Ոճիրի պահին նա է՛լ աւելի է թուլանում, զգում է աջակցի, հենարանի կարիք: Սաղաթէլը նրա կողքին է եւ ցրում է երկւութեան ամպերը, ամէն կերպ մարում հայրական խղճի մնացուկները: Նա Էլիզբարովին ասում է, որ վաղը կհաշուի եւ կտեսնի, որ եօթ հարիւր հազար ռուբլու կալուածք է մնացել նրա ձեռքում, եւ վաղն արդէն իսկ կմոռանայ կատարուածը: Սաղաթէլը լռեցնում է Էլիզբարովի խղճի ձայնը եւ էլ աւելի սաստկացնում ատելութիւնը Օթարեանի յանդէպ:
Անդրէաս Էլիզբարովը մտնում է Մարգարիտի սենեակ` գիշերային լռութեան մէջ սպանելու աղջկայ պատիւը: Հոգեբանական ծանր ապրումներից յետոյ մտնելով սենեակ` նա դուրս է գալիս փաստաթղթերով: Թրծուած ու հմուտ աւազակն այլեւս հանգիստ է, իբրեւ թէ ոչինչ չի պատահել: