
Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
Երգ հրաժեշտի
Ուշ գիշեր է, ծովին դիմաց,
Կ'ընեմ հաշիւը իմ կեանքին...:
Անցեալս հիմա ինչպէս աւազ
Փռուած է ծով կեանքի շուրթին...:
Ուշ գիշերին, ծովին դիմաց,
Ինքզինքիս հետ կը խօսակցիմ:
Գիրք մը ինչպէս սիրտըս բացած
Կը թերթատեմ օրերը հին...:
Ուշ գիշերին, ծովին դիմաց,
Թերթերն հատ հատ այս ճոխ գրքին
Կը պատառեմ խանդավառուած
Ու կը նետեմ հովին գրկին...:
Ի՜նչ նազանքով՝ թերթերն հատ հատ
Շուրջ-պարեցին, դողդողացին,
Երգ ու արցունք իրար խառնած
Մութ ալիքները գրկեցին...:
Ուշ գիշերին, ծովին դիմաց
Թառած պատին այս հին վանքին
Ինչպէս արծիւ թեւեր պարզած
Կ'երգեմ երգը Հրաժեշտին: