• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,

Միայն չտվեց երջանիկ մի սեր.

Չտվեց, որ ես հոգով անդադրում

Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ,-

Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ

Մեղեդու նման թրթռա իմ մեջ,

Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ

Ինչ որ մի տագնապ, անհասի մի տենչ,-

Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,

Կանչող ծառերի լեզուն հասկանամ,

Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ,

Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ.-

Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ

Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,

Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,

Իմ կորուստներով՝ անսահման գտած,

Չտվեց, որ ես միայն չլցվեմ

Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,

Չլացող աչքի արցունքը տեսնեմ,

Լսեմ խոսքը՝ չասված տակավին,

Որ բյուր քույրերիս խռովքն անհատնում

Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ,

Որ մի էջ՝ հայոց երգի մատյանում

Լցվի հավերժող հառաչով կնոջ:


© Սիլվա Կապուտիկյան

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now