Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Ու արտասվե՜լ, ու արտասվե՜լ մազերիդ մեջ,
Մարգարիտներ լցնել այտերիդ փոսիկներին,
Ուղղել երկար զգեստներիդ փեշերը պերճ
Եվ վայելել սոսափյունը սոսիների։
Նկարե՜լ քեզ, քո հայացքի կաթի՛լն ամեն՝
Լուսավորված մեռելային մոմի լույսով,
Ջրվեժներից կապույտ վարդի թերթեր հանել՝
Նվիրելո՜ւ․․․ նվիրվելու երկչոտ հույսով։
Քեզ նվիրել փափկությունը երազների,
Ձյան մեջ թաղված ելակների գույնի նման,
Քեզ նկարել սավաններին ու թասերին՝
Հնադարյա՜ն, չնաշխարհի՜կ ու աննմա՜ն․․․