Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԾՈՎ Alizé
* * *
Ծերանում է ժամանակդ, մանր բանից տխրել էլ չի լինում, Հիմար բանից ուրախանալ ու կամ կռիվ սարքել չեղած բանից, Հին քաղաքում ընկերներդ քեզ չեն սպասում, նորում ՝ գալիս, գնում, Ու մնում է միայն ճանապարհը, որով հեռացել ես տանից ...
Ճանապարհը, որով դու անցել ես երկար, միանվագ երգի նման, Անցորդներին բարևել ես ու խուսափել պատմել քո քաղաքից, Մտածել ես, որ հուշերդ լավ կլինի՝ միշտ անցյալում մնան, Կարոտներդ խեղդել, դիտավորյալ ուշացել ես պատարագից ...
ԻՆչպես «նահանջն առանց երգի» դու փորձել ես միշտ աննկատ մնալ, Մինչդեռ նրանց թվացել է, թե քո մասին շատ բան գիտեն, Պետք է կյանքում այնպես ապրել, որ երբ ուզես անհետանալ, Քեզ գտնելը դժվար լինի, քաղաքներդ քեզ չմատնեն ...