• Ներսեհ

Սարկավագական ձեռնադրություն Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում


Մարտի 19-ին և 20-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը և հայ համայն-քը հոգևոր ցնծության օրեր ապրեցին: Սուրբ Աթոռի երեք և Սուրբ Հարության տաճարի մեկ ուրարակիր տիրացուներ Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի՝ Սուրբ Գլխադրի մատ-ռան առջև արժանացան Սարկավագական ձեռնադրության շնորհին: Սուրբ Թեոդորոս Զորավարի տոնին, պատարագի սկիզբն ազդարարող կոչնակի հար-վածների և կոմիտասյան եղանակով «Խորհուրդ խորին» շարականի հետ սկսեց սուրբ պատարագը ու շարունակվեց մինչև Ճաշու գրքի ընթերցումը:

Ընծայալները, որոնք մինչ այդ հետևում էին արարողություններին, ծնրադրեցին Սուրբ Գլխադրի քարի առջև և լուռ ու վերացած ունկնդրեցին կրկին երգվող «Ուրախ լեր» շա-րականը. սա մի վիճակ է, որ լավագույնս կարող է բացատրել իրենց նվիրումի ոգու տարողությունը և եկեղեցու ուրախությունը, մանավանդ, երբ դա իրենցով էր լինում և այդ ուրախությամբ հետագայում իրենք պիտի երջանկանային: Բոլորի ձայների մեջ ուրախության ինչ որ դող կար ու քաղցր մի սարսուռ՝ նրանց հոգու խորքում: Որովհետև որքան էլ որ ուրախալի է նրանց այդ աստիճան կանխահաս հավանությունը, այնքան և հուզիչ նրանց խանդը՝ իրենց դեռևս նոր զորացող ուսերի վրա առնելու ծանր, բայց քաղցր լուծը Քրիստոսի և Ազգի: Որքան ծանր է այդ լուծը, նույնքան փշոտ՝ ճամփան:

Ձեռնադրությունից առաջ հարկ էր, որ ժողովրդի առջև ևս կատարվեր իրենց ուխտը, ի գիտություն և ի լուր նրանց:

Ահա այդ ուխտը.

«Աստուածային եւ երկնային շնորհ, որ միշտ լնու զպետս սրբոյ սպասաւորութեան առա-քելական եկեղեցւոյ, կոչէ զՍերգէյ, զԴաւիթ, զՍերգէյ եւ զՄկրտիչ ի կիսասարկաւագու-թենէ ի սարկաւագութիւն, սրբոյ եկեղեցւոյ ի սպասաւորութիւն ըստ վկայութեան ան-ձանց իւրեանց եւ ամենայն ժողովրդեանս»:

Արդեն պատրաստ են նրանք ձեռնադրության:

Հասավ նաև այն պահը, երբ ընծայալները ստացան ուրար, որ արդեն իրենց համար քաղցր էր ու թեթև ինչպես բոլոր նրանց, որոնք ինչ որ իդիալի կրակն ունեն իրենց հոգու խորքում:

Ստացան նաև բուրվառ, եկեղեցում խնկարկելու հրաման, որով խունկի անուշ բույրով պիտի լցնեն եկեղեցին, ապագայում դառնալով հայ եկեղեցու ծխացող կնդրուկներ:

Ձեռնադրությունը դեռ չավարտված՝ Բարեշնորհ Սերգեյ սարկավագ Անտինյանը, Դավիթ սարկավագ Մինասյանը, Սերգեյ սարկավագ Գազանջյանը և Մկրտիչ սարկավագ Ստե-փանյանը վերցրին բուրվառը, և լավագույն ու անթերի կերպով կատարեցին իրենց նոր հանձնված պարտականությունը:

Ո՞վ կարող է թարգմանել, ո՞ր գրիչը կարող է նկարագրել այն զգացումներն ու ապրում-ներն այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն ընծայալների սրտի խորքում…

Այսօր միայն անբացատրելի խանդ, անպատմելի ուրախություն և արդար մի հուզում ունենք՝ եկած ընծայման արարողության սրտառուչ գրավչությունից և խորհրդածությու-նից, որոնք զուտ զգացական և ժամանակավոր ապրումներ լինելուց ավելի, հայության դարավոր կյանքի ավիշն են հանդիսացել և հանդիսանում այսօր ևս: Եվ Սուրբ Աթոռը, որ այդ ավիշը տվող հազվագյուտ հաստատություններից լավագույններից մեկն է, ամեն տարի անպակաս է դարձնում նման առիթները:

Այս առիթով, նորընծա սարկավագներին, որոնցով Երուսաղեմի Առաքելահաստատ Սուրբ Աթոռի և Պատրիարքության սարկավագների թիվն ավելացավ, մաղթում ենք, որ նրանց լուծը լինի քաղցր ու թեթև և սրտագին ասում. «Թող ձեր ուրարները դառնան փորուրարներ, բարեաւ գնացէք ընդ այս ճանապարհ…»: