Ներսեհ
Րաֆֆի «Պոետ»

Թո՜ղ կույր ամբոխը ծաղրե քեզ, պոե՛տ, Թե երազամոլ քո հոգվո ցնորք` Դարուս իրական պահանջմանցը հետ Էլ չէ համաձայն, զո՛ւր է քո շնորք:
Եվ խաժամուժի պետք չէ քեզ գովեստ, Թո՜ղ ասեն` մարդու կյանքը գործնական Պահանջում է հաց, ապրուստ և արհեստ, Եվ ոչ սնոտիք բանաստեղծական:
Դու, մուզաների որդի սիրելի, Անվեհեր սրտով հնչեցո՜ւր քնար, Երգ քո ոգելից, վերին ազդմամբ լի Մինչև հավիտյան կսիրե աշխարհ:
Թո՜ղ արհեստասեր չոր փիլիսոփան Քարոզե կյանքի մարմնավոր հոդված, Բայց դու` հոգեկան խորհրդոց թարգման, Քո սուրբ շուրթերով խոսում է Աստված:
Երգե՜ դու, պոե՛տ, երգե՜ երգ անուշ, Հնչեցո՛ւր քնարիդ լարերն ուժգին, Եվ ոգևորված քո տաղեր քնքուշ Գուցե զարթնեցնեն հայի քնած հոգին...
© Րաֆֆի