• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գոյություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը: Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածված է տարբեր մշակույթներում: Կախված աշխարհագրական ու կլիմայական պայմաններից և տեղական ավանդույթներից՝ պաշտամունքի առարկա են դարձել տարբեր ծառեր՝ կաղնի, սոճի, կիպարիս, հացենի, նվենի և այլն: Հունաստանում գլխավոր սուրբ ծառը համարվել է կիպարիսը, Հռոմում՝ թզենին, ինչպես նաև հոնին, որ աճում էր Պալատին բլրի լանջին:

Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էր Սուրբ ծնունդից առաջ՝ Ճրագալույցի երեկոյան, օջախը գցել մեծ գերան կամ կոճղ, որ քիչ-քիչ վառվում էր տոնի տասներկու օրերի ընթացքում: Համարվում էր, որ այդպիսի գերանի մի կտորը, որ պահպանվում էր հետագա տարվա ընթացքում, տունը պաշտպանում էր կրակից ու կայծակից և հաջողություն էր բերում տուն:

Հարավային սլավոնացիների մոտ այդպիսի գերանը կոչվում էր բադնյակ (ռուս.՝ бадняк), սկանդինավյան ժողովուրդների մոտ՝ juldlock, ֆրանսիացիների մոտ՝ la bûche de Noël (սուրբծննդյան կոճղ):

Սլավոնական ժողովուրդների ավանդույթներում նշանակալի տեղ էին զբաղեցնում կաղնին, կեչին, ուռին: Եղևնին սլավոնների ազգային ծառաբանության մեջ համարվում է թաղման ու հիշատակի արարողությունների հետ կապված ծառ, ինչպես նաև որպես ծիսական ծառ օգտագործվում է սուրբծննդյան, ամանորյա, ինչպես նաև կրոնական այլ տոների ժամանակ և հարսանիքներում:

Նոր կտակարանում չկա որևէ ծառի՝ որպես Սուրբ ծնունդի խորհրդանիշի մասին հիշատակություն: Սակայն նկարագրված է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովուրդը նրան դիմավորում է փյունիկյան արմավենու ճյուղերը ձեռքներին (Հովհ. 12:12): Արմավենին հնում համարվել է հաղթանակի խորհրդանիշ, իսկ քրիստոնեության ընդունումից հետո խորհրդանշում է հաղթանակն ընդդեմ մահվան: Այն տարածաշրջաններում, որտեղ ցրտի պատճառով արմավենի չի աճում, դրան փոխարինում է ուռենին (օրինակ՝ Հայաստանում, Ռուսաստանում): Այսօր էլ տաք երկրներում, օրինակ՝ Հավայան կղզիներում, արմավենին օգտագործվում է որպես սուրբծննդյան ծառ: Իսկ Ֆլորիդայում աճում է արմավենու մի տեսակ՝ Veitchia merrillii, որ կոչվում է նաև անգլ.՝ Christmas Palm tree (Սուրբծննդյան արմավենի): Ծառն այդպես է կոչվում իր պտուղների պատճառով, որ դեկտեմբերին դառնում են վառ կարմիր:

Գերմանիայում պահպանվել է մի լեգենդ, որ կապված է սուրբ Բոնիֆիցիուսի անվան հետ: Գերմանացի հեթանոսներին իրենց աստվածների անզորությունը ցույց տալու համար սուրբ Բոնիֆիցիուսը կտրում է Օդինի սրբազան կաղնին, որի կոճղի ճեղքից աճում է եղևնի՝ որպես ապացույց նրա կանխագուշակության, թե «քրիստոնեության եղևնին կաճի հեթանոսության հատված կաղնու արմատների վրա»: Կաղնու հատման մասին իսկապես հիշատակվում է սրբի վարքում, իսկ եղևնու աճելու պատմությունը սոսկ բանավոր լեգենդ է, որն արտացոլում է հեթանոսական ավանդույթները քրիստոնեությանը հարմարեցնելու ջանքերը:

#Նորտարի #Ամանոր #Տոն #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now