- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Սուրբծննդյան ժամանակակից ծիսակարգը ձևավորվել է Գերմանիայում միջնադարի ավարտին և նոր ժամանակների սկզբին Յոլի հնագույն ավանդույթի նոր՝ քրիստոնեական վերաիմաստավորման արդյունքում: Ըստ Ե. Դուշեչկինայի՝ գերմանական ժողովուրդների մոտ գոյություն ուներ Նոր տարուն անտառ գնալու սովորություն. այնտեղ նրանք նախապես ընտրված եղևնին զարդարում էին մոմերով ու գույնզգույն լաթերով, այնուհետև այդ ծառի շուրջը կամ դրանից ոչ հեռու կատարում էին հատուկ ծես: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին կտրել ծառն ու տանել տուն, որտեղ այն տեղադրվում էր սեղանի վրա: Ծառի վրա ամրացվում էին վառվող մոմեր, նրանից կախում էին խնձորներ և քաղցրավենիք: Գերմանական ժողովրդի մկրտությունից հետո այս ծիսակարգը հետզհետե սկսեց ձեռք բերել քրիստոնեական բնույթ, և տանը դրված զարդարված եղևնիները դարձան Ճրագալույցի (Սուրբ ծննդյան նախորդ օրը) բաղկացուցիչ մաս:
Ըստ Ռ. Բաուերեյսի՝ գերմանական սուրբծննդյան եղևնին ծագում է դրախտային ծառից. դեկտեմբերի 24-ին արևմտյան եվրոպացիների կողմից նշվում էր Ադամի ու Եվայի հիշատակի օրը:
Սուրբ ծննդյան եղևնին գերմանացիները կոչում էին «Սուրբ ծննդյան ծառ» (գերմ.՝ Weihnachtsbaum), «Քրիստոսի ծառ» (Christbaum), «Կլաուսի ծառ» (Klausbaum): Որոշ տարածաշրջաններում (Վերին Բավարիա, Պֆալց, բավարական Շվաբիա, Վյուրտեմբերգ, Հաբուրգ) այդ ծառը կոչվում էր Paradies «դրախտ», Paradiesgarten «դրախտային այգի», Christbaumgartle և այլն: Եղևնին մրգերով ու ծաղիկներով զարդարելու սովորույթը կապվում է Սուրբ ծնունդի գիշերը ծառերի ծաղկման ու պտղաբերման հավատալիքների հետ:
Դեռևս շարունակվում են վեճերն այն մասին, թե որտեղ և երբ է հանդիպում սուրբծննդյան եղևնու մասին առաջին գրավոր հիշատակությունը: Կան համառոտ հիշատակություններ նմանատիպ արարողության վերաբերյալ, որ կատարվել է 1510 թվականի նախօրեին Ռիգայում: Մանրամասներ չեն պահպանվել, սակայն նկարագրված է, որ տոնակատարությունից հետո ծառն այրվել է: Հաճախ որպես Սուրբ ծննդյան առաջին եղևնի հիշատակվում է այն ծառը, որ Մարտին Լյութերը Սուրբ ծնունդին տեղադրել էր իր տանը: Լյութերը չի նշել այդ իրադարձության կոնկրետ տարեթիվը, բայց այն նույնպես վերաբերում է 16-րդ դարին:
Քանի որ Եվրոպայում առաջին Սուրբ ծննդյան եղևնու հարցն ունի զբոսաշրջային (ինչպես նաև ֆինանսական) նշանակություն, 2011 թվականի Ամանորից առաջ Ռիգայի և Տալլինի միջև սկիզբ առավ դիվանագիտական կոնֆլիկտ այն հարցի վերաբերյալ, թե որտեղ է տեղադրվել առաջին տոնածառը: Էստոնացի հետազոտողները ներկայացրին ապացույցներ, որ Տալլինում տոնածառ տեղադրվել է 400 տարի ավելի վաղ քան, Ռիգայում, այսինքն՝ Տալլինի առաջին հիշատակությունից (1154 թվական) էլ առաջ: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն իրադրությունը բնութագրեց որպես «տոնածառային պատերազմ», որ լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքի ու երկրի կոմերցիոն շահերի համար, և խոստացավ գտնել ագրեսորին արժանի պատասխան: