top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Բեթղեհեմյան քարայրի մոտակայքում բացօթյա բնակվող հովիվներ կային, ովքեր իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում: Այդտեղ էր Դավիթն իր հոր ոչխարներին արածեցրել և այստեղ էր գալու ըստ մարմնի Դավթի Որդին՝ Քաջ Հովիվը, արածեցնելու Իր բանական հոտը: Եվ հանկարծ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, որից նրանք սաստիկ վախեցան: Եվ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալ Տերն է» (տե՛ս Ղուկ. Բ 8-11): Հրեշտակներն ավետեցին հովիվներին, թե եկել է Քաջ Հովիվը՝ ժողովելու համար Իր ցրված բանավոր հոտը, ասելով նաև. «Նա է այն Փրկիչը, որ պիտի հափշտակի գերությունը բռնակալի ձեռքից ու արձակի կապվածներին խավար բանտից: Նա է Հզորը զորությամբ, որ Իր սպանվելով ետ է բերելու ավարը և չարչարանքներով հաղթելու է թշնամուն ու հալածողին: Ո՛վ մարդիկ, ինչո՞ւ եք լուռ մնացել, ահա եկել է ձեր Թագավորը, գնացե՛ք, տեսե՛ք, ու երկրպագե՛ք Նրան: Նա հեզ է ու խոնարհ և չունի իշխանական ահարկու զենքեր, սուր ու վահան. չկան Նրա ձեռքում, ինչպես պատերազմողի ձեռքում, և Նա չի հեծել զարդարված նժույգ ու ջորի և սրընթաց երիվար, այլ պատված է խանձարուրով ու դրված է մսուրում: Տեսե՛ք Նրան ու մի՛ երկմտեք Նրա աղքատ տեսքի պատճառով»:

Ցնծացին, ուրախացան ու հավատացին անբիծ հովիվները և ընծաներ վրցնելով՝ գնացին Նրա մոտ: Արդարները ընտրեցին, ուղիղները տասնորդեցին ու մատուցեցին իրենց պատարագները. նախ գառ՝ իբրև Քահանայի, ապա կաթ՝ իբրև Ծծկերի, և փառք՝ իբրև Աստծու: Առաջին ընծաները հովիվները մատուցեցին ու երկրպագեցին Նրան: Մաքու գառնուկը մատուցեցին Աստծու Գառին՝ Նրան, Ով եկել է զոհվելու, Աստծուն պատարագ լինելու և դադարեցնելու գառների զոհաբերումը: Հովիվները, խառնվելով հրեշտակների հետ, փառաբանեցին Նրան: Այդ օրն այնտեղ մեծ սքանչելիքներ եղան, քանզի երկնայինների ձայները միավորվեցին երկրայիների ձայներին և անմարմինների երգերը՝ մարմնավորների երգերին, և բոլորի բերաններից միաձայն փառաբանություն ելավ: Երկինքն ու երկիրը միաբանվեցին օրհնաբանելու միակ Միջնորդին, Ով հաշտեցրեց նրանց Իր ծննդյամբ: Այրը՝ փոքր, մսուրն՝ աղքատիկ, Հովսեփն՝ ուրախ, և Մարիամը՝ զարմացած, իսկ Որդին՝ աղքատացած:

Մարիամը, տեսնելով այս ամեն սքանչելիքները, քաջալերվեց, և նրանից փախան երկունքի ցավերը, ամոթն ու տրտմությունը, և ոտքի կանգնելով իր Որդու առջև՝ երկրպագում էր Նրան ու ընկնելով Մանուկի առջև՝ ծնողական գութով աղոթում: Այսպես հեզ ու բարեպաշտ հովիվներն առաջինն արժանի ճանաչվեցին խոնարհվելու Նրան:

Սաղմոսերգուն ասում է. «Տերն իմ Հովիվն է» (Սաղմ. ԻԲ 2): Դավիթը մարգարեաբար գիտեր, որ Իսրայելի Աստվածը լինելու է Գառ Իր հոտում, անվանվելու է Քաջ Հովիվ և Իր Անձը դնելու է Իր ոչխարների համար: Որովհետև նրանք, ովքեր նախկինում հովիվ էին, ինչպես Աբելը, Նոյը, ով տապան մտցրեց կենդանիներին, ապա Աբրահամը, Հակոբն ու նրա որդիները, ինչպես նաև Մովսեսն ու Դավիթը, օրինակն էին այս Ճշմարիտ Հովվի: Դրա համար հրեշտակները նախ հովիվներին երևացին և նրանց ավետիս տվեցին, և առաջին ընծաները հովիվները մատուցեցին: Այսօր մեր հովվանոցը Եկեղեցին է, ուր հավաքվել են հոգևոր հովիվները՝ հայրապետներն ու քահանաները: Նրանք հրամաններ են տալիս բանական հոտին և կերակրում նրանց հոգևոր արոտում:

#Նորտարի #Ամանոր #ՍուրբԾնունդ #Տոն #Գիտեքթե

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում