top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, արևելքից երեք մոգեր եկան Երուսաղեմ՝ Նրան երկրպագելու: Դրանք երեք թագավորներ էին, և նրանց ուղեկցում էին տասներկու հազարանոց մի զորախումբ: Տերը լուսավոր աստղի միջոցով «գիր» ուղարկեց մոգերին և նրանց խավարից հանելով՝ բերեց դեպի Իր լույսը: Դրանով Նա նաև հեռավորներին կանչեց՝ ուրախանալու մերձավորների հետ՝ Իր ծնունդով: Իջնելով հրեաների մեջ՝ կանչեց նաև հեթանոսներին, որպեսզի և՛ հեռավորներին, և՛ մերձավորներին ուրախացնի Իր հայտնությամբ: Եվ երկնքում աստղի ծագումով նրանց առաջնորդեց՝ ասելով. «Մինշև ե՞րբ, ո՛վ մոգեր, արեգակին, երկնքին և աստղերին աստվածներ պիտի անվանեք: Սրանք աստվածներ չեն, ո՛վ մարդիկ, այլ տարրեր: Իմացե՛ք, թե Ով է Աստված: Իմ արարածներն Իմ պատիվը չունեն, և ծառա լինելով չեն կարող տեր լինել, սրանք ձեր ծառայակիցներն են և ոչ թե Իմ անիմանալի պատիվը կիսողները: Եվ ահա որին մոլորվելով աստված եք կոչում, անծանոթ մղումով ձեզ առաջնորդում է Ինձ երկրպագելու»:

Մոգերը միայն աստղագիտությամբ գիտեին ծնունդը և ոչ մարգարեությամբ: Խորագետը մոգերի ընդունած կարգերում թաքցրեց Իր վարդապետությունը և մոգությանը մղեց գնալ ճշմարտության ետևից: Արդ՝ ուրիշ ինչ կերպ պետք էր որսալ մոգերին, եթե ոչ աստղագիտությամբ, որը նրանք սիրում էին: Մոգերն ամենևին չէին ընդունում Եսայու վարդապետությունն ու Հովնանի քարոզությունը և գիրք էին գրել ընդդեմ Մովսեսի: Եվ եթե մի մարգարե քարոզեր նրանց, ապա նրան կքարկոծեին: Դրա համար էլ ինչի մեջ մոգերը դեգերում էին, Տերը դրանով էլ որսաց նրանց: Աստղով որսաց նրանց, որովհետև եթե մի մարգարե նրանց քարոզեր Կույսի ծնելու մասին, չէին հավատա ու չէին ընդունի, մինչև չտեսնեին այդ ամենն աստղերի միջոցով:

Իսկ հայտնված աստղը մեծ էր ու փառավոր՝ իր լույսով, երևելի՝ ծագմամբ ու հրաշալի՝ տեսքով, զարհուրելի՝ բոցով ու բորբոքելի՝ հրով, սքանչելի՝ փայլով ու զարմանալի՝ տեսակով, և չկար մեկ այլ աստղ, որ սրա նման լիներ: Սա միակն էր, ինչպես և իր Միածին Տերը: Մոգերն աստղի մեջ տեսնում էին սուրբ Կույսին, զարմանալի կերպով բազմած, և հրաշալի Մանուկին՝ նրա գրկում՝ հրեղեն թագը գլխին: Այս տեսիլքը հիացրեց նրանց, բայց նրանք իրենց գրքերում չգտան այս խորհրդի մեկնությունը, և քաղդեացիների դպիրներն էլ չկարողացան բացատրել այն: Սակայն նրանք ունեին Բաղաամի մարգարեությունը, ուր ասվում է. «Այդ սերնդից պիտի ծնվի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի: Նրա թագավորությունը Գոգի թագավորությունից հզոր պիտի լինի» (Թվեր ԻԴ 7), որից էլ իմացան, որ իրենց ավետվում է ծնունդը Մեծ Արքայի և լցվեցին մեծ երկյուղով: Եվ այն խոսքից, թե «Ծագելու է Հակոբի աստղը» (Թվեր ԻԴ 17), իմացան, որ Աստված է հայտնվելու: Իսկ այն խոսքից, թե «Նա ննջելու է որպես առյուծ» (Թվեր ԻԴ 9), իմացան, որ խոսքը Նրա թաղվելու մասին է, որի համար էլ արևելքից իրենց հետ բերեցին համապատասխան նվերներ:

Իմացան մոգերը, որ Մեծ Թագավոր է եկել աշխարհ և Իր իշխանությամբ ամբողջ աշխարհը կամենում է գրավել: Իմացան, որ Հզոր Մանուկ է ծնվել, և երկրի բոլոր ծագերը հնազանդվում են Նրան: Խորհեցին, թե. «Պետք է գնալ Նրա սերը շահելու, քանի դեռ մանուկ է, որովհետև երբ Նա երիտասարդ դառնա, երկրի բոլոր ազգերին ոտնակոխ կանի: Բոլոր թագավորները Նրան պիտի հնազանդվեն, և Նա բոլոր դատավորներին Իր լծին պիտի լծի: Պետք է կամովի գնալ ու Նրան երկրպագել և ոչ թե հետո՝ բռնությունից մղված: Քանի որ երկրի իշխանները պետք է Նրան ծառայեն, ապա պետք է առաջինը լինել և Նրան ընծաներ մատուցել: Եվ որովհետև ամբողջ աշխարհին պիտի տնօրինի և ընդունի երկրպագություն հեթանոսներից, դրա համար գովելի է լինել Նրա մոտ: Պետք է գնալ ու Նրա ձեռքը հանձնել աշխարհը, մինչ Նա Իր քաջությամբ կհավաքի բոլոր ազգերին: Պետք չէ Նրան արհամարհել, քանզի ունենք Նրա հայտնությունը, այլ պետք է պատվել Նրան ծնվելիս, ուր էլ որ լինի, որպեսզի երբ հայտնվի Նրա թագավորությունը, մեզ բարիքով հատուցի»:

Եվ այսպես խորհելով՝ մոգերը խաղաղությամբ ճանապարհ ելան՝ ամեն գավառում խոսելով Աստծու Որդու ավետիսի մասին: Մեծ զորքով գնացին տեսնելու Հրեաստանի երկրպագելի Թագավորին: Նրանք իրենց ընթացքով քարոզ եղան և մեծ հայտնություն ավետեցին բոլոր երկրներում: Ոչ մի տեղ չէին թաքցնում իրենց գնալու պատճառները և ամեն տեղ երկյուղ էին սփռում՝ պատմելով մեծ Թագավորի ծննդյան մասին: Սակայն երբ հասան Հրեաստան, այն գտան լուռ ու անտեղյակ Արքայի գալուստից, որովհետև Հերովդեսի օրերին Իսրայելում վերացել էին մարգարեները: Տերը մարգարեների փոխարեն հեթանոսներ բերեց՝ հանդիմանելու համար նրանց, ովքեր այդքան ժամանակ կրթվել էին օրենքներով ու մարգարեություններով, սակայն չհավատացին: Բաբելոնացիները եկան պախարակելու հրեաների անհավատությունը: Եվ աստղի ընթացքը ցույց տվեց, որ Սա է Նա, Ում մասին խոսեցին մարգարեները:

Մոգերը եկան ընծաներով և իբրև մարգարեներ վկայեցին ծնված Մանուկի համար, որպեսզի երբ Նա հայտնվի, Նրան օտար չհամարեն, այլ բոլոր արարածներն իմանան Նրա ծնունդի մասին: Նրա մասին վկայեցին նաև Զաքարիան իր պապանձվելով, և Եղիսաբեթն՝ իր ծնելով, իսկ այն աստղը, որն այնպես չէր կապված երկնակամարին, ինչպես սովորական աստղերը, իր ընթացքով՝ վերանալով ու խոնարհվելով վկայեց:

Երբ մտան Հրեաստան, աստղը ծածկվեց նրանցից, որպեսզի մոգերն անմիջապես չգնան Բեթղեհեմ, այլ նախ գնան Երուսաղեմ, և այնտեղի դպիրներին ստիպեն բոլորին պատմել Տիրոջ ծննդյան մասին, և մարգարեություններից ստանան ճշմարիտ վկայությունը, որպեսզի չկարծեն, թե մի այլ զորությունից եղավ:

Մոգերը բանակ դրեցին Երուսաղեմի մերձակայքում, որով մեծ երկյուղ սփռեցին Հերովդեսի ու Երուսաղեմի բնակիչների վրա: Նրանք ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք Նրան երկրպագելու»: Երբ Հերովդեսը լսեց այս խոսքերը, չարությամբ վարանեց, քանզի նա Դավթի թագավորական ցեղից չէր, այլ այլազգի էր՝ եդոմացի: Նա բռնությամբ էր վերցրել իշխանությունը և իրեն այնպես էր ներկայացնում իբրև թե Դավթի տանից է: Եվ երբ լսեց հրեաների Արքայի ծնունդի մասին, զարհուրեց, և նրա հետ՝ Երուսաղեմի ժողովուրդը: Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց. «Որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոս»: Եվ նրանք ասացին. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված. «Եվ դո՛ւ Բեթղեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես, քեզանից մի Իշխան պիտի ելնի Ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (տե՛ս Մատթ. Բ 1-6): Այս մարգարեությամբ լուծարվում է նաև Հերովդեսի թագավորությունը: Հերովդեսը, տեսնելով այն ընծաները, որ բերել էին մոգերը, դրանից է՛լ ավելի անարգվեց, որովհետև իրեն չմատուցեցին, քանզի ընկել էր արդեն իր թագավորությունը:

«Երբ մոգերն այդ տունն են մտնում, այնտեղ տեսնում են Մանկանն իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկնելով Նրա առջև՝ երկրպագում են Նրան և բանալով իրենց գանձատուփերը՝ Նրան նվերներ մատուցում՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (տե՛ս Մատթ. Բ 11): Մոգերը Ճշմարտությունից սովորել էին, թե ինչ նվերներ են վայելում Նրան, և խորհրդաբար մատուցեցին իրենց ընծաները: Նախ ոսկի, որովհետև մեծ Արքա է, ապա կնդրուկ, որովհետև Աստված է, այնուհետև զմուռս՝ խորհրդանշելով այն մահը, որն ընդունելու էր մեր փրկության համար: Դարձյալ՝ խունկն ընծայեցին Աստվածության, զմուռսը՝ մարդեղության, իսկ ոսկին՝ իշխանության համար: Ընծայեցին ոսկի, որպեսզի ոսկյա պատկերներից երկրպագությունն անցնի ոսկու Տիրոջը, և զմուռս՝ իբրև բժշկի, որպեսզի Նա բժշկի Ադամին, ապա նաև՝ կնդրուկ, որ Նրանից բուրած անուշահոտությամբ լուծարվի մահվան հոտը, որ բուրեց Ադամից:

Այդ երեք մոգերից առաջինը պարսից Մելքոն թագավորն էր: Նա սերում էր Աբրահամի Քետուրա հարճից: Երկրորդը Գասպարն էր՝ հնդիկների թագավորը, իսկ երրորդը՝ Բաղդասարը՝ արաբների թագավորը:

Գասպարը՝ հնդիկների թագավորը, Մանկանը կնդրուկ, նարդոս, ստաշխ, կասիան ու կինամոն և այլ անուշահոտություններ ընծայեց՝ տեսնելով Նրան որպես Աստծու Որդի մարմնով բազմած փառքի աթոռին, իսկ հրեշտակների զորքերը՝ Նրան սպասավորելիս:

Բաղդասարը՝ արաբների թագավորը, ընծայեց ոսկի, արծաթ ու պատվական քարեր և գեղեցիկ ու վայելուչ մարգարիտ և տեսավ Տիրոջը մարմնով, որպես Արքայի Որդի նստած բարձր գահի վրա, և մարդկանց բազում զորքերը Նրա առջև:

Իսկ Մելքոնը՝ պարսից թագավորը, ընծայեց զմուռս, հալվե, ծիրանի ու բեհեզ, նաև կտավ պատանքի համար և տեսավ Նրան որպես Աստծու Որդի չարչարանքներով մեռած, բայց հարություն առած ու կենդանի: Մոգերն ընծաներ մատուցեցին իրենց երկրպագելի Թագավորին, Ով եկել էր նրանց մոտ աղքատի նման և արհամարհվել Իր ազգի կողմից՝ ըստ խոսքի. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» (Հովհ. Ա 11), սակայն օտարներն ընծաներով եկան Նրան պատվելու:

Արդ՝ արևելցիներն աստղով լուսավորվեցին, իսկ հրեաներն արեգակի խավարումով կուրացան: Սրանով այս աստղը, որ առաջնորդում էր նրանց դեպի Արդարության Արեգակը, ավարտեց իր ընթացքը, ինչպես և Հովհաննեսն էր քարոզում Նրա համար՝ ասելով. «Պետք է, որ Նա մեծանա, իսկ ես նվազեմ» (Հովհ. Գ 30):

#Նորտարի #Ամանոր #ՍուրբԾնունդ #Տոն #Գիտեքթե

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում