• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հակոբոս Տյառնեղբայրն այն օղակն է, որ Ավետարանի սուրբերին միացնում է Գործք Առաքելոցում հիշված սուրբերի հետ: Յուղաբեր կանանցով դուրս ենք գալիս Ավետարանի էջերից և Հակոբոսով մուտք գործում Գործք Առաքելոց: Հակոբոսը թեև հիշված է Ավետարաններում, բայց ոչ որպես քրիստոնյա գործիչ, այլ իբրև Քրիստոսի «եղբայրներից» մեկը: Կոչվել է նաև «Փոքր Հակոբ» կամ փոքրամարմին ու տարիքով փոքր լինելու պատճառով, կամ, որ շատ հավանական է, հարաբերաբար Հակոբոս Զեբեդյանի, որ ծանոթ էր «Մեծ Հակոբոս» հորջորջմամբ:

Հակոբոսը հիշվում է իբրև նախնական եկեղեցու գլխավոր գործիչներից մեկը, որ մասնակցել է Երուսաղեմի առաքելական ժողովին (Գործք. ԺԵ 13):

Ավանդությունը Հակոբոսին ճանաչում է իբրև Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոս, ով Պողոս Առաքյալի հաստատմամբ (Գաղ. Բ 9) Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին առաջին քրիստոնեական եկեղեցու «սյուներից» մեկն էր համարվում:

Հակոբոս Տյառնեղբայրը հիշվել է նաև Հովսեփոս հրեա պատմիչի կողմից, իբրև «արդար» մարդ, այդ ածականը իր վրա մնացել է իբրև մակդիր: Հայսմավուրքը հաստատում է, որ «Աստված օրհնեց և սրբացրեց նրան իր մոր որովայնից. գինի և օղի չխմեց Սամվելի նման. ոչ էլ շնչավոր՝ մսեղեն, որևէ բան կերավ, ոչ էլ մազերը կտրվեցին Սամսոնի պես... Եվ նրա ծնկները ուղտի ծունկերի պես կարծրացել էին հաճախակի ծնրադրությունից»:

Իր նահատակությունը մանրամասնորեն պատմվում է հին վկայաբանություններում, ուր ներկայացվում է, որ Հակոբոսը, քրիստոնյա լինելով հանդերձ, մեծ հարգանք էր վայելում նաև հրեաների մոտ՝ իր պատվիրանապահության և օրինապահության համար, ուստի մի օր էլ բռնադատեցին նրան, որպեսզի բարձրանա տաճարի աշտարակի վրա և այնտեղից Հիսուսի դեմ հայտարարություն անի, որպեսզի Նրա պատճառով ստեղծված երկվությունը վերանա իրենց ժողովրդի միջից: Հակոբոսը սակայն հայտարարեց «Հիսուսը Մեսիան է, Աստծու Որդին, որ այժմ նստած է Աստծու աջ կողմը և պիտի գա դատելու աշխարհը արդարությամբ»: Շատերը հավատքի եկան այս հայտարարությունից, իսկ ուրիշները վեր ելան ու Հակոբոսին աշտարակից վար նետեցին ու սկսան քարկոծել նրան, ի վերջո նրանցից մեկը մեծ փայտով փշրեց արդարի գլուխը, որ հոգին ավանդեց առ Աստված 62 թվականին:

Նահատակությունից հետո իր մարմինը բերվել ու թաղվել է իր տան պարտեզում, ուր թաղված էր նաև Հակոբոս Առաքյալի գլուխը: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մայր տաճարը, որ այս իսկ պատճառով կոչվում է «Սրբոց Հակոբյանց Տաճար», այսինքն՝ «Սուրբ Հակոբների եկեղեցի»:

Հակոբոս Տյառնեղբոր հիշատակը կատարում ենք իբրև «Ավագ Տոներ»ի առաջինը Դավիթ մարգարեի հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի՝ ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

#Երուսաղեմ #Տոն #Սուրբ #Պատրիարքություն #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now