• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ս. Ստեփանոսը Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը:

Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծու ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Նույն աղբյուրները վկայում են, որ երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ և մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը Հիսուսի նկատմամբ: Բայց այս ամենը բնականաբար զայրացնում են քահանայապետին, և վերջինս նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին անսպառ ուրախություն ապրում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ: Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է առաքյալների մոտ և մկրտվում Պետրոս և Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երևում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա: Եվ այս զարմանահրաշ դեպքից հետո նրան տալիս են «Ստեփանոս» անունը, որ նշանակում է պսակավոր: Իր ողջ գիտակցական կյանքում նա իմաստավորեց և արդյունավորեց իրեն տրված այդ սուրբ անունը` մարտիրոսական մահով պսակվելով ի Տեր:

Գործք Առաքելոցից գիտենք, որ Հոգեգալստից հետո առաքյալները նաև սպասարկում էին սեղաններին և կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների բանակն

ավելանում էր նորանոր հավատացյալներով: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալու բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ իրենց միջից բարի համբավ ունեցող 7 մարդու ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Ս. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանից շատերը վիճում էին նրա հետ, բայց նրանցից ոչ ոք չէր կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու հոգուն, որով նա խոսում էր: Ուստի նրանք հրապուրում են որոշ մարդկանց, որպեսզի ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Եվ գրգռելով ժողովրդին, քահանաներին, և օրենսգետներին` նրան տանում են ատյան: Ս. Ստեփանոսն ատյանում արտասանած իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Ապա նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում են, իրենց զգեստները դնելով Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջև: Սավուղը նույն ինքը Պողոս առաքյալն է, որ սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Հետագայում նա էլ Աստծու ողորմությամբ ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը, ավանդելով հոգին, դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:


Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էր, վերցնում են սուրբի մարմինը և թաղում իրենց ագարակում: Շատ չանցած ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերվում են Ղունկիանոս անունով մի երեցի կողմից, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դնում է Ս. Սիոնի մեջ: Ե. դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերում է սուրբի տապանակն ու այն տանում Կ. Պոլիս: Հետագայում այդ տապանակն ու նշխարները բերվում են Վենետիկ` ամփոփվելով տեղի Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծնունդին նախորդող Ավագ Տոների ժամանակ:

#Երուսաղեմ #Տոն #Գիտեքթե #Սուրբ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now