top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Տոն Ս. Ստեփանոս Նախասարկավագի և առաջին մարտիրոսի: Երուսաղեմ


Կրոնների պատմության մեջ՝ քրիստոնեականը եղավ մեծագույնը: Իր հիմնադրի՝ Քրիստոսի կրած չարչարանքներն ու հանուն ճշմարտության խաչելությունը, մարդկության համար նոր ուղի բացեց հոգեկան արժեքների նվաճման համար: Ավանդ ստեղծվեց, որ մարդը անհրաժեշտության դեպքում արյան հեղումով կամ կյանքի գնով պաշտպանի հավիտենականն ու անժամանցելին: Մնայուն արժեքների ու կյանքի այս նոր ըմբռնմամբ խանդավառված, Քրիստոսի Համբարձումից հետո, Առաքյալները գերազանց եռանդով լծվեցին քարոզչության և Երուսաղեմում հաստատեցին առաջին եկեղեցին: Զոհողության և նվիրումի ոգին ամբողջական էր և Նոր Կտակարանի շունչը լայն կերպով սկսեց ծավալվել ժողովրդի տարբեր խավերում: Շուտով, առաքյալների կողքին եկեղեցու սպասավորության համար հավելյալ անձանց կարիք զգացվեց: Կատարվեց առաջին ընտրությունը և յոթ արժանավորներ ընտրվեցին սուրբ խորանի ծառայության համար: Նրանք կոչվեցին ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ, որոնց համար միևնույն ժամանակ սահմանվեցին եկեղեցու նկատմամբ և հավատացյալների հանդեպ ծառայության դաշտն ու ուղեգիծը. -Սպասարկել Եկեղեցու սուրբ խորանին, -Ավետարանել՝ ուր որ կարիքը զգացվի: -Հասցնել օգնություն և նպաստ աղքատներին, և -Հոգալ որբերի և որբևայրիների կարիքները: Սահմանված այս պայմաններով, սարկավագության աստիճանը եկեղեցում դարձավ շատ սիրելի և հարգված պաշտոն: Առաջին եկեղեցու կողմից ընտրված յոթ սարկավագներից ամենափայլուն և գործունյա անձը Ստեփանոսն էր, որ ջերմեռանդ հավատացյալ էր դեռ Քրիստոսի կենդանության ժամանակ: Նա լծվեց արդար գործին: Եռանդը սահման չճանաչեց և անդուլ ու անվախ քարոզեց Նոր Կտակարանը՝ սիրո և լայնախոհության նոր ըմբռնումներով: Իր համար տաճարը շենք չէր և ոչ էլ ինչ-որ կառույց. պետք էր ինչ-որ բան փոխել հին մտայնությունների և տիրող կարգերի մեջ: Մյուս կողմից օրենքի նախանձախնդիր հրեաների համար բավական էր, որ այդպիսի միտք արտահայտողը, առաջնորդվեր դատարան: Եվ այնտեղ, դատավորների առջև, Ս. Ստեփանոսն իր գաղափարները ոչ միայն կրկնեց, այլև ամբողջացրեց՝ ասելով. «Դուք նրանց ժառանգորդները չե՞ք, որոնք հակադրվեցին նույն ինքը Մովսեսին, և նրանց՝ որոնք հալածեցին և սպանեցին գրեթե բոլոր մարգարեներին՝ երբ նրանք ազդարարում էին Արդարի գալստյան մասին». և ակնարկելով Հիսուսի խաչելությունը. եզրափակեց. «Դուք, հիմա Նրա մատնիչներն ու սպանիչները...»: (Գործք Առաք. Է. 48-53): Ս. Ստեփանոսի պատիժը սահմանված էր արդեն. ամբոխը քաշկռտեց, տարավ նրան քաղաքից դուրս և քարաձգության տարափի տակ, վերջ տվեց կյանքին, որի պայծառամտությունից լսելի էր դառնում վերջին հետևյալ խոսքերը. «Տե՛ր, թող այս մեղքի պատասխանատվությունը չծանրանա նրանց վրա...»: Ս. Ստեփանոսը եղավ հավատքի Առաջին Նահատակը: Այս պատճառով քրիստոնեական եկեղեցին նրան կոչում է Նախավկա Սարկավագ: Իր կյանքը դարձավ կարմիր օրինակ: Ցուցաբերված քաջությունը ցնցեց ամբոխի ամենակարծր տարրերից մեկը համարվող՝ մոլեռանդ Սողոսին, որ շուտով Դամասկոսի ճանապարհին հավատափոխ լինելով պիտի վերակոչվեր Պողոս Առաքյալ և դառնար քրիստոնեության մեծագույն քարոզիչներից մեկը: Ս. Ստեփանոսի հիշատակությունը իբրև եկեղեցական Ավագ Տոն, Երուսաղեմում, զետեղված է Հունվարի առաջին շաբաթվա մեջ, որ կանխում է Ս. Ծնունդն ու Նոր Տարին: Երուսաղեմում՝ պահպանելով վաղեմի սովորություններն ու ավանդությունները, տոնից մի շաբաթ առաջ՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի երեկոյան, Ս. Աթոռի սարկավագների և ուրարակիրների ողջ դասը ժողով է գումարում Ժառանգավորաց վարժարանում: Ժողովը վարում է Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի տեսուչ հայր սուրբը: Սարկավագների կողմից կատարվում է գաղտնի քվյարկություն, որի արդյունքում ընտրվում են Ս. Ստեփանոսի տոնի պաշտոնները: Օրվա պատարագիչ քահանային ընտրում են հենց այդ ժողովի ընթացքում: Այդ օրը Ժամերգության ժամանակ զույգ խնկարկու սարկավագապետները, ընդհանրապես, լինում են վարդապետ հայրեր, որոնք ևս ընտրվում են այդ ժողովի ժամանակ՝ գաղտնի քվյարկությամբ: Ընտրվում են նաև Պատարագի զույգ բուրվառակիրներ սարկավագներից, զույգ քշոցակիր սարկավագներ, զույգ փոխասաց-դպիրներ, «Հայսմավուրք» գիրքը ընթերցող սարկավագ, «Ճաշու Գիրք» ընթերցող սարկավագ, ով իր ձախ ձեռքին փոքրիկ Ավետարան, իսկ աջ ձեռքին մոմ բռնած բարձրանալով ամբիոն կարդում է գիրքը: Ընտրվում են նաև պատարագի սպասարկու սարկավագ, ամբողջ արարողության համար պատասխանատու ատենապետ, որ սարկավագներից է լինում և ատենադպիր, որ դարձյալ սարկավագներից է ընտրվում: Ինչպես նաև գանձապահ, ով տոնակատարությունից հետո, երբ «Նախասարկավագ» շարականի երգեցողությամբ այցելում են տոնի ավետիսը վարդապետ հայրերին փոխանցելու, և վերջիններս իրենց սրտի նվերն են տալիս նրանց, տնօրինում է այդ նվերները: Տոնի առավոտյան, սարկավագական հանդեսի ժամանակ, բոլոր սարկավագները զգեստավորված 18-րդ դարի շապիկներով, գլխներին սաղավարտ և ձեռքներին 18-րդ դարի բուրվառներ բռնած, սարկավագապետների ուղեկցությամբ խնկարկում են Պատրիարք Սրբազան Հորը, ապա համբուրում նրա խաչը և աջը: Իսկ երեկոյան, Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ճաշարանում տեղի է ունենում սիրո ճաշ, որին մասնակցում են ողջ միաբանությունը, ուսուցչական կազմը, սարկավագներն ու ժառանգավոր սաները: Այս տարի այդ ընտրությունների արդյունքում սարկավագապետների պատասխանատու պաշտոնը վստահվել էր Ս. Աթոռի կրտսեր միաբաններ՝ Հոգեշնորհ Տ. Գևորգ աբեղա Հայրապետյանին և Հոգեշնորհ Տ. Ներսեհ աբեղա Ալոյանին: Օրվա պատարագիչ էր ընտրվել Հոգեշնորհ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը: Արարողության ավարտին սարկավագները սարկավագապետների ուղեկցությամբ և «Նախասարկավագ» շարականի երգեցողությամբ այցելեցին Սուրբ Աթոռի Գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հօրը և ստացան Պատրիարք Հոր օրհնությունը, ապա այցելեցին նաև Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանին, Վարժարանի տեսուչին և ապա վարդապետաց թաղ: Տոնն իր լրումը գտավ, ինչպես վերևում նշեցինք, Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ճաշարանում՝ սիրո ճաշով, որի ընթացքում վարժարանի տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ողջույնի խոսքից հետո, շնորհավորական խոսքով հանդես եկան ավագ սարկավագապետ՝ Հոգեշնորհ Տ. Գևորգ աբեղա Հայրապետյանը, վարժարանի ուսուցիչ՝ Պարոն Գևորգ Հակոբյանը, իսկ սարկավագների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Տիրացու Հակոբ Բաղդասարյանը: Վերջում Լուսարարապետ Սրբազան Հայրն իր օրհնության խոսքից հետո «Տերունական աղոթք»-ով ու «Պահպանիչ»-ով փակեց միաբանական ընթրիքը:

#ԼուրերԵրուսաղեմից #Երուսաղեմ #Պատրիարքություն #Տոն #Սուրբ

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page