Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Համաձայն Ավետարանի՝ Հակոբոս (եբր.՝ «գարշապարից բռնող», փխբ.՝ «խարդախ») առաքյալը հոր և եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4։21)։ Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները գործակիցներն էին Պետրոս և Անդրեաս եղբայրների, որոնց հետ էլ կանչվեցին Հիսուսի կողմից (Մատթ. 4։20-21) և հիշատակվում է 12 առաքյալների շարքում (Մատթ. 10։3, Մարկ. Ղուկ. 6։14)։ Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր՝ Հովհաննեսի հետ և միշտ ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում (տես, Մատթ. 17։1, Մարկ. 5։37, 13։3, 14։33)։ Առհասարակ այս առաքյալի կերպարը գրեթե աննկատ է մնում Նոր Կտակարանում և իր լույսը կարծես ստանում է Հովհաննես առաքյալի միջոցով։

Գոյություն ունի ավետարանական երկու դրվագ, որտեղ Հակոբոսի կերպարը թեև ոչ Հովհաննեսից առանձին, սակայն առավել ընդգծված է.

  • «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10։35-40)։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի Զեբեդեոսի որդիների փոխարեն խնդրանքը Քրիստոսին ներկայացրել է նրանց մայրը՝ Սաղոմեն (տես. 20։20-24)։

  • «...իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝ նրա համար պատրաստություն տեսնելու։ Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ Նա դարձավ սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք. որովհետև մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ՝ փրկելու» (Ղուկ. 9։52-56)։

Այս դրվագը առիթ է հանդիսացել, որպեսզի Քրիստոսը եղբայրներին անվանի Բաներեգես՝ Որոտման որդիներ (հմմտ. Մարկ. 3։17)։

Վերջին վկայությունները Հակոբոս առաքյալի մասին առկա են Գործք առաքելոցում, որտեղ նա հիշատակվում է առաքյալների շարքում (1։13), ինչպես նաև հիշատակվում է առաքյալի նահատակությունը (առաքյալների շարքում նահատակության միակ հստակ հայտնի դեպքն է). «Այդ ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց» (Գործք. 12։1-2)։ Նրա սպանության թվականը շուրջ 44 թ. է։

Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին Աստվածաշնչի և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»։ Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն հրեշտակները բերում են Հիսուսի եղբոր՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ։ Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը։ Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ։ Աճյունն ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է։

Իսկ «որոտման որդիներից» Հովհաննեսի մասին համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ նա Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։

Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։

Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։

Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի: Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։

Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ 100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»:

Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու հաղթական բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։

#Հետաքրքիր #Երուսաղեմ #Պատրիարքություն #Գիտեքթե #Սուրբ #Առաքյալ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now