- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,


«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական» հայ քերթողության այս գլուխգործոցը Միսաք Մեծարենցը գրել է կյանքի վերջին ամիսներին՝ կոչելով այն «Արդի մարդուն Հայր մերը»: Մեծարենցն այս քերթվածը նվիրել է իր մեծանուն նախորդի՝ Պետրոս Դուրյանի եղբորը՝ Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյան Երուսաղեմի Հայոց Պատրիարքին: Մեծարենցի այս ձեռագիրը արևմտահայ մեծանուն բանաստեղծից միակ մասունքը չէ, որ տեղ է գտել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Այստեղ, հայ գրականության և արվեստի արևելահայ և արևմտահայ մեծերի նամակների, ձեռագիրների և իրերի կողքին պահվում են նաև Միսաք Մեծարենցի ձեռագիրները, նամակները, մեծ ակով մատանին, որ բանաստեղծին նվիրել է մայրը՝ Իսկուհի Մեծատուրյանը: Մատանու քարի վրա փորագրված է հետևյալ նախադասությունը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ»՝ Աստվածաշնչյան խոսքերը՝ վերցված «Երգ Երգոց»-ից: Մատանին մայրը երիտասարդ որդուն նվիրել է նրա հիվանդության ժամանակ:
ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԷ՜Ր
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան՝ Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Եւ ես՝ հանգոյն երփնալուցկի վառող մանկան՝ Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան՝ Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան՝ Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն սրբասաց իմ հոգեակիս ընեմ խորան՝ Զայն իմ մտքիս ծըխեմ՝ զերթ խունկ բազմաբուրեան: Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական, Ու չըլլայ որ ուրիշներու կոծն ու կական Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին: Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական, Ու չըլլա՜յ որ ծափիս ձայնին երգը գուժկան Եսիս սենեա՜կն ունենայ՝ ցու՜րտ առանձնարան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ու սեղանիս վըրայ դրուած մէն մի նըկան՝ Զոյգ մը խինդե՜ր գէթ ունենայ թող խաչանիշ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին՝ իբրեւ մական՝ Որ բղխեցնէ ջուրն աներկմիտ երանութեան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն ջուրերու վըրայ ձըգեմ իբրեւ ուռկան, Զայն իբր արօր ակօսներո՜ւն ձըգեմ վըրան: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն իբր անձրեւ ցօղեմ ամէն դաշտին վըրան, Զայն իբր արեւ բաշխեմ ամէն հորիզոնի: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Զայն ընդգրկած իտէալին ըլլամ սրսկան. Զայն լաստ ըրած ես Լոյսերու նաւո՜րդն ըլլամ: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ժողվել՝ հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան, Պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանուորին: Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական. Ժողվել՝ հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ՝ ամէն ժամ: Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն, Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն, Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն՝ Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական: