top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Շքանշանով պարգևատրում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության բարերար՝ Պրն. Գևորգ Աթընիզյանին


Ազգային բարերար Գևորգ Աթընիզյանը ծնվել է Տիգրանակերտում, ուր անցկացրել է իր մանկության ու պատանեկության դժվարին օրերը: Օժտված հայ մարդու ձեռներեց ոգով և աշխատասիրությամբ՝ նա հաղթահարել է կյանքի սկզբնական դժվարություններն ու խոչընդոտները և կարողացել է հասնել բացառիկ հաջողությունների:

1980 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ և անմիջապես լծվել առևտրական գործին: Այդ գործում հետզհետե հաջողություններ է արձանագրել շնորհիվ իր բնածին տաղանդի և չարքաշ աշխատանքի: Աշխատանքից քաղած ճոխ արդյունքը միայն իր անձի համար չի գործածել, այլ առաջին իսկ օրվանից՝ քրիստոնեական ոգով տոգորված՝ փորձել է ուրիշներին ևս բաժնեկից դարձնել իր արդար վաստակին: Սկսել է օգտակար լինել հայ և օտար հաստատություններին և իր գաղութում ճանաչուել է որպես «բարերար»:

Ամերիկաբնակ հայերի և ամերիկացիների աչքից աննկատ չէին կարող մնալ նրա բարերարությունները, որոնց համար 2010 թվականին Պրն. Աթընիզյանին շնորհվեց The Ellis Island Medal of Honor շքանշանը: Այդ պատվին արժանանում են Միացյալ Նահանգներ գաղթած այն անհատները, որոնք կարևոր նպաստ են բերել ու բերում են Ամերիկյան կյանքին: Իսկ 1998 թվականին՝ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր սրբատառ կոնդակով շնորհել էր «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը առ ի գնահատանք Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներին ի նպաստ նրա կատարած բարերարությունների:

2000 թվականին, երբ Պրն. Աթընիզյանը գտնվում էր Երուսաղեմում՝ կատարելու համար հայ քրիստոնյայի իր պարտականությունը, պիտի այցելեր նաև Ս. Հակոբյանց վանք: Տեսնելով սրբատեղիներում հայերի վայելած լայն իրավունքները, իր մեջ ջերմ փափագ է ծնվում օգտակար լինելու հայ Երուսաղեմին և անսալով այդ ներքին ձայնին՝ նա նորոգել է տալիս Լուսարարապետարանի պատմական հին և շքեղ շենքը, որ տիրապետում է վանքի մեծ բակին:

Թեմական մակարդակի վրա ևս մեծ հարգանքի է արժանացել Պրն. Գևորգ Աթընիզյանը: 2008 թվականին, Լոնգ Այլընթի Պեյսայտ քաղաքում Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի 106-րդ Պատգամավորական ժողովը «Տարվա Մարդ» հռչակեց Աթընիզյան եղբայրներին, առ ի գնահատանք նրանց կողմից Առաջնորդարանին տրված շոշափելի նվիրատվությունների:

Պրն. Գևորգ Աթընիզյանը կարևոր նվիրատվություն է արել նաև Մեծագույն Բոստոնի Ս. Երրորդություն Եկեղեցուն: Այլ եկեղեցական հաստատությունների թվում նյութապես օգնել է նաև մերձակա Ուոթըրթաուն քաղաքի Ս. Հակոբ Հայաստանյայց Եկեղեցուն, իսկ 2011 թվականին օժանդակել է իր ծննդավայր՝ Տիգրանակերտ քաղաքի Ս. Կիրակոս Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ի նպաստ կատարված հանգանակությանը:

Կարևոր է հիշել Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս Պրն. Գևորգ Աթընիզյանի բարերարություններից մի քանիսը: Աթընիզյան եբղայրները, այլոց հետ, բաժնետեր են Երևանի Ազատության Հրապարակում գտնվող Marriott Hotel-ի: Այդ կապը առիթ է ստեղծում, որպեսզի Պրն. Աթընիզյանը հաճախ այցելի Հայրենիք: Հայաստանում իր կատարած բազմաթիվ իրագործումներից մեկը եղել է հայ շինականներին գործ և միջոցներ հայթայթել՝ ապրուստ ապահովելու նպատակով:

Հայրենիքից դուրս՝ Պրն. Աթընիզյանը անդամակցել է տարբեր հայ և ոչ հայ կազմակերպությունների և օգտակար է հանդիսացել նրանց: Երկարամյա անդամ է Մեծագույն Բոստոնի Ս. Երրորդություն Եկեղեցու, որի ծխական խորհդին անցյալում ծառայել է երկու շրջանով: Գործոն մասնակցություն է ունեցել Առաջնորդարանի Հայ Օգնության Ֆոնդին: Օգնել է Պոլսի Ս. Փրկիչ Ազգային հիվանդանոցին և Բոստոնի հայակական ծերանոցին: Տարբեր առիթներով օգտակար է եղել Պոլսի Հայոց Պատրիարքարանին:

2000 թվականի նոյեմբերին՝ Պրն. Աթընիզյանը այլ արժանավոր հայորդիների հետ միասին մաս է կազմել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքաղմբի՝ Վեհափառ Հայրապետի Վատիկան այցելության առիթով և ներկա է գտնվել՝ Հայոց Հայրապետի և Հռոմի Հովհաննես Պողոս Բ. Պապի պատմական հանդիպմանը:

Իսկ 2017 թվականի Դեկտեմբերի 29-ին՝ Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը Մեծագույն Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցում պատվեց Պրն. Գևորգ Աթընիզյանին «Սրբոց Հակոբյանց Ասպետ» խաչաձև ադամանդակուռ շքանշանով:

Պատրիարք Սրբազան Հայրը իր խոսքում ասաց, թե ինչպես ժամանակին Կանադական մի թերթ մրցույթ էր հայտարարել «Ընկեր» բառի լավագույն սահմանման համար: Տարբեր պատասխանների միջից թերթի խմաբգրությունը ընտրել էր հետևյալը՝ իբր լավագույն մեկնաբանություն «Ընկեր» բառի. «Իսկական Ընկերը նա է, որ ներս է մտնում մեր կյանից, երբ ամբողջ աշխարհը դուրս է եկել այնտեղից»՝ շեշտելով այն պարագան, որ Պրն. Աթընիզյանը ինքնաբուխ կերպով է կատարել իր նվիրատվությունները: Եվ դրա համար էր, որ Սուրբ Աթոռը գնահատեց նրան և շնորհեց «Սրբոց Աակոբյանց Ասպետ» շքանշանը, որով նա հանդիսացավ այդ ասպետների առաջինը:

#ԼուրերԵրուսաղեմից #Աշխարհիշուրջ #Երուսաղեմ #Պատրիարքություն

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page