• Ներսեհ Ա. Ա.

Սուրբծննդյան տոնը Երուսաղեմում


Հունվարի 18-ին, առավոտյան ժամը 9-ին, Երուսաղեմի ընդհանուր ոստիկանապետը, և հին քաղաքի պատասխանատու ոստիկանները, այցելեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան՝ Պատրիարք Սրբազան Հոր Սուրբ Ծնունդը շնորհավորելու և դեպի Բեթղեհեմ թափորի հսկողությունն ապահովելու համար: Ժամը 9:30, Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հոր գլխավորությամբ Սրբոց Հակոբյանց Միաբանությունը ինքնաշարժների թափորով ճանապարհ ընկավ դեպի Բեթղեհեմ: Ճանապարհի կեսին հույների Սուրբ Եղիա վանքի առջև Պատրիարք Սրբազան Հորը դիմավորեցին Բեյթ-Սախուրի և Բեյթ-Ջալայի քաղաքապետները և պետական ներկայացուցիչները: Որից հետո Իսրայելյան հինգ ոստիկան ձիավորներ ընկերացան Պատրիարք Սրբազան Հոր ինքնաշարժին, առջևից և կողքերից, մինչև Ռաքելի գերեզմանը, այնտեղից էլ թափորը առաջնորդվեց դեպի Բեթղեհեմ: Քաղաքի մուտքին, Պատրիարք Սրբազան Հայրը և Միաբանության անդամները քայլելով առաջացան մինչև հրապարակ: Բեթղեհեմի հրապարակում դիմավորվեցին՝ Բեթղեհեմի ընդհանուր ոստիկանապետի, քաղաքապետ՝ Տիար Անտոն Սալմանի և պաշտոնյաների կողմից, նաև Հ.Ե.Մ-ի և Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտական խմբերի կողմից, ապա Ժառանգավոր սաները «Խորհուրդ Մեծ» շարականի երգեցողությամբ և Սուրբծննդյան Տաճարի զանգերի ղողանջների ներքո թափորը առաջնորդեցին դեպի Ծննդյան Տաճարի հայկական վանք, ուր ողջույնի խոսքով հանդես եկան Բեթղեհեմի քաղաքապետն ու Կրոնից նախարարը, ապա Պատրիարք Սրբազան Հայրը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին:

Ժամը 14:00-ին, Պատրիարք Սրբազան Հոր գլխավորությամբ, «Հրաշափառ»-ով մուտք կատարվեց Սուրբծննդյան Տաճար և Սուրբ Այր: Ճրագալույցի սուրբ Պատարագը Սուրբ Այրում մատուցեց՝ Հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Հակոբյանը: Ապա՝ Միաբանությունը թափորով բարձրացավ Հայոց Վանք. բակում ընթերցվեց Սուրբծննդյան Ավետարանը և երգվեց «Փառք ի բարձունս»:

Երեկոյան ժամը 7-ին, Սուրբծննդյան տոնի առիթով Պատրիարք Սրբազան Հոր կողմից տրված հյուրասիրությանը ներկա էր նաև Պաղեստինի Վարչապետ Պրն. Ռամի Համդուլլահը:

Հունվարի 19-ին, կես-գիշերից առաջ ժամը 10-ին, Գիշերային պաշտամունքից հետո, Միաբանությունը թափորով իջավ Սուրբծննդյան Այր, ուր շարունակվեց «Փառք ի բարձունս»-ի երգեցողությունը: Այրի այս արարողությանը ներկա էին նաև Պաղեստինի Վարչապետ Մեծահարգ Պրն. Ռամի Համդուլլահը և կառավարության այլ պաշտոնյաներ, որոնք Պատրիարք Սրբազան Հոր Ծննդյան արաբերեն և հայերեն պատգամներից հետո մեկնեցին: Ապա պաշտամունքները շարունակվեցին Տաճարում: Ավագ սեղանի վրա պատարագեց Հայաստանից ուխտավորաբար Սուրբ Երկիր ժամանած՝ Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը: Պատարագին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը, որի հանդիսապետն էր Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, որ Ճաշու ժամերգությունից հետո նաև Պատարագեց Սուրբծննդյան Այրում: Պաշտամունքների ավարտին, առավոտյան ժամը 6:30-ին, Միաբանությունը թափորով և երգեցողությամբ բարձրացավ Հայոց Վանք, և բակում ընթերցվեց Սուրբծննդյան Ավետարանը և երգվեց «Փառք ի բարձունս», ապա Միաբանությունը վերադարձավ Երուսաղեմ:

#ԼուրերԵրուսաղեմից #Ամանոր #ՍուրբԾնունդ #Սրբավայր #Երուսաղեմ #Տաճար #Պատարագ #Տոն #Պատրիարքություն