top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Երուսաղեմի Հայ Պատրիարքի այցը աշխարհի ամենահին քաղաք՝ Երիքովի քաղաքապետարան


Հունվարի 21-ին, առավոտյան ժամը 9-ին, Երուսաղեմի Առաքելական Սուրբ Աթոռի գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը, ընկերակցությամբ՝ Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Տ. Սևան Արքեպիոկոպոս Ղարիբյանի, Գավազանակիր և քարտուղար՝ Տ. Ներսեհ Աբեղա Ալոյանի, Վանքի Ավագ Թարգման՝ Տ. Համբարձում Վարդապետ Քեշիշյանի, Կալվածոց Տեսուչ՝ Տ. Պարետ Ծ. Վարդապետ Երեցյանի, Ելևմտից Դիվանի Տեսուչ՝ Տ. Սամվել Ծ. Վարդապետ Աղոյանի և Տ. Գեղամ Ծ. Վարդապետ Զաքարյանի, առաջին անգամ այցելեցին աշխարահի ամենահին քաղաք՝ Երիքովի քաղաքապետարան և հանդիպում ունեցան քաղաքապետ՝ Մեծահարգ Պարոն Սալեմ Ղրուֆի և Կառավարիչ՝ Պարոն Մաժիդ Ալ-Ֆիտանիի հետ:

Պատրիարք Սրբազանն ու հոգևորը հայրերը քաղաքապետարանի առջև նախ դիմավորվեցին Երիքովի սպայական դասի կողմից, ապա քաղաքապետարանի ողջ աշխատակազմի հետ ձեռնվելուց հետո հրավիրվեցին քաղաքապետարանի հյուրասրահ: Իր խոսքում Երիքովի կառավարիչ՝ Պրն. Մաժիդ Ալ-Ֆիտանին հայտնեց իր ուրախությունը Երուսաղեմի Հայ Պատրիարքի առաջին անգամ քաղաքապետարան կատարած այցի համար և հույս հայտնեց, որ այն հաջորդ տարիների համար ևս շարունակական պիտի լինի: Ապա Պատրիարք Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, ապա հաջորդ տարի դարձյալ տեսնվելու հույսով հրաժեշտ տվեց Երիքովի քաղաքապետին և կառավարչին: Հանդիպման վերջում քաղաքապետարանի առջև Հայոց պատվիրակությունը խմբանկարվեց քաղաքապետի և կառավարչի հետ:

Հանդիպումից հետո, Պատրիարք Սրբազան Հոր գլխավորած պատվիրակությանը միացան նաև ողջ Միաբանությունը, Ժառանգավոր սաներն ու Հայաստանից, Պոլիսից ու Իսրայելի հայ համայնքներից ժամանած ուխտավորները, որոնք ուղղվեցին դեպի Հորդանան գետ, ուր տեղի ունեցավ ամենամյա Ջրօրհնեքի արարողությունը: Հորդանանյան կողմից գետափ էին եկել հորդանանահայոց առաջնորդ՝ Տ. Ավետիս Ծ. Վարդապետ Իփրաճյանն ու հորդանանահայ գաղութի հավատացյալները:

#ԼուրերԵրուսաղեմից #Աշխարհիշուրջ #Պատրիարքություն