top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ծնունդդ Շնորհավոր Ամենաբանաստեղծ


Ամեն ժամանակաշրջան ունի իր բանաստեղծը, ով հայտնաբերում է տվյալ ժամանակի ոգին և մարգարեաբար պատգամներ հղում իր ժողովրդին: Այսօր էլ շատերի համար Պարույր Սևակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է:

Պարույր Սևակը մեկն է իր իսկ երգած «մեծերից», ովքեր «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և «նոր օրենք ու կարգ սահմանում», գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար: Երեք տասնամյակ տևած Սևակի ստեղծագործական կյանքը հագեցած էր նոր ուղիների խիզախ որոնումներով:

Այստեղ տեղին է հիշել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի արատահայտաց կարծիքը բանաստեղծի հոգեհանգստի ժամանակ. «Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար եղել է ճշմարտապես մի «Եղիցի Լույս», Սևակը մեկն է նրանցից, ով պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…»:

Պարույր Սևակը հեղաշրջեց հայ պոեզիայի հունը` ստեղծելով բանաստեղծական իր դպրոցը: «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Մարդը ափի մէջ» և «Եղիցի լույս» ժողովածուները նախանշեցին հայ պոեզիայի հետագայ զարգացումը: Նրա ասելիքը բազմաբևեռ էր, խորքային ու արդիական:

Պարույր Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն լույս աշխարհ գալու (1969) հենց առաջին պահից մերժվեց ժամանակի գրաքննության կողմից: Կարճ ժամանակ անց պետք է գրվեր. «Այս գիրքը պիտի կարդացվի որպես հայ հոգու Ավետարան, հավատի հանգանակ ու հայրենասիրական Սաղմոս: Հայ Հոգին ու Հայ արյունին ու ուխտասեղանին վրա պիտի զետեղվի այս Սուրբ Մատյանը, որպես Լուսավորչի Կանթեղ ու հայրենաշունչ տաղարան»:[1]

«Եղիցի լույս»-ը գրական ասպարեզ իջավ ընդդեմ «փուչ ու ճռճռան, գանգրահեր ու ուռուցիկ բառերի ոտանավորչության» և ընդդեմ խավարամտության: Բանաստեղծին ծնեց հայ ժողովուրդը, իսկ նրա մատյանը գրվեց ժամանակի պահանջով: Ժամանակի բազում ստեղծագործող-մտավորականներից Սևակն առաջինն էր, որ հնչեցրեց տագնապի այդ կոչնակը: «Պոեզիան մարդկային ինքնարտահայտության ձևերից մեկն է, մարդկային խոսակցության ձևերից մեկը»,- մեկնաբանում էր նա: Ինչպես իր մեծ նախորդը` Չարենցը, նա ևս հավատում էր խոսքի ուժին` պոեզիայով կյանքը վերափոխելու կարողությանը:

Չարենցի «Գիրք ճանապարհի»-ից հետո Սևակի «Եղիցի լույս»-ը հայ գրականության մեջ նոր ասելիքի, մտածողության նոր որակի սկիզբ էր ազդարարում: «Եղիցի լույս»-ը ամբողջովին փառաբանություն է Լույսի, Մաքրության և Բարության: Այն ծնվել է լույսի ու ստվերի, կեղծիքի և ճշմարտության ուժգին բախումից:

«Մարդը ափի մեջ» ժողովածույից հետո մարդու մասին մտորումների, նրա հոգեկան տագնապների և անողոք ժամանակի մեջ մարդկային երկփեղկվածության աղետալի փաստի դիմաց բանաստեղծը ծառացավ իր ամբողջ հասակով` որպես մեծ մարդերգու և մարդկային ճակատագրերի հանդեպ ուշադիր մեծ անհատ: «Եղիցի լույս»-ն այդ մտորումների անհերքելի վկայությունն է, «դրա բարձրագույն աստիճանը»:

Գրքում աննախադեպ ճշտությամբ քննության է առնված ժամանակի լույսն ու ստվերը. եթե «Մարդը ափի մէջ» շարքում Սևակն իրեն` պատմականորեն որոշակի մարդուն էր դրել ափի մեջ և իր հանրային ու գեղագիտական իդեալի տեսակետից քննում ու վերլուծում էր նրա մտքի ու հոգու լույսերն ու ստվերները, ապա «Եղիցի լույս»-ի շատ գործերում ափի մեջ է դրված ժամանակակից աշխարհը և նույն իդեալի բարձունքից քննվում ու վերլուծվում են սրա լույսերն ու ստվերները»:[2] Այս առումով իր շատ սերնդակիցներից, ովքեր նույնպես իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ժամանակի սոցիալ-քաղաքական անարդարությունների դիմաց, Սևակն առաջինն էր, որ պատրաստ էր անձը զոհել հանուն լույսի.

Իսկ թե հա՛րկ լինի նամանավանդ պետք,

Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս`

Դառնալով Նրա թագավորության

Հին Հպատակն ու նոր Քաղաքացին...

Դրա դիմաց բանաստեղծը պահանջում է դիմավորել արշալույսի գալուստը. «Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես, // Միայն թե մեր այդ մեկնումից հետո // Ժամանի ինքը Արշալո՜ւյսը, //Գա՛...»:

Պատմական ժամանակաշրջանը Սևակի նյարդերը դարձրել էր մերկ, և նա անհագ ծարավով մղվեց բացահայտելու սուտը: Եվ եթե «Մարդը ափի մեջ» Սևակը հերձում էր սուտը, մե՜ծ հաջողությամբ տարածվող սուտը, որպեսզի հասկանար, թե «ինչո՞ւմն է բանը և բանալիքը...» («Դառնում եմ»), ապա «Եղիցի լույս»-ում մտքի վերլուծական լարվածությունը հասնում է բացառիկ խտացումների, այս անգամ արդեն պահանջելով, որպեսզի գործի լեզուն` որպես ճշմարտության միակ ավետաբեր. «Մենք ուզում ենք գործի լեզո՜ւն, //Բայց ո՛չ իբրև երկանք ստի //Ու ջրաղաց խաբեութեան»:

Այս ամենին հասու դառնալու համար Սևակն ընդամենը մեկ ցանկություն ուներ` «պարզ տեսնելու կարողությունն աստվածային...» («Հասարակ պահանջ»), ձգտելով տեսնել թե ո՞ր ճանապարհով, մինչև ո՞ւր և ի՞նչ նպատակով է քայլում մարդկությունը.

Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա`

Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ,

Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,

Որպեսզի նախ ե՛ս

Եվ հենց ի՛նձ վրա

Բժշկի նման փորձարկեմ կարգին,

Ու եթե լինի այս անգամ սարքին`

Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,

Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:

Մարդկային ճակատագրերի մասին մտածող բանաստեղծը ամբողջ ուժով ձաղկում է սուտը, ինչը կարող է բոլոր ժամանակների ամեն տեսակի չարիքի ու մոլորությունների պատճառ հանդիսանալ: Այդ բանաձևումներից մեկն էլ այս տողերն են. «-Որտե՞ղ են ապրում քամիները: //-Պալատների մեջ: //-Եվ անշո՛ւշտ մեր իսկ ռունգերում»:

Սևակի պոեզիան արդիական է այսօր, արդիական կլինի նաև վաղը: Այդպես է, որովհետեւ «Նա ճանաչել է լույսը ավելի, քան մենք ենթադրում ենք»:

[1] «Սփիւռք», Պէյրութ, 19 Սեպտեմբեր, 1971:

[2] Ա. Արիստակեսյան «Պարույր Սեւակ», Երևան, 1984, էջ 349:

© ՆԵՐՍԵՀ ԱԼՈՅԱՆ

#Պոեզիա #Գրականություն #Հետաքրքիր #Մեծեր

200 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում