- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» երկը պատվիրել է Վահան Մամիկոնյանը՝ առաջարկելով շարունակել Փավստոս Բուզանդին և շարադրել IVդ. վերջերի ու V դարի Հայաստանի պատմությունը: Փարպեցին իր աշխատության մեջ հիշում է Ագաթանգղոսին ու Փավստոս Բուզանդին, տալիս է նրանց երկերի համառոտ ակնարկը և ոչ առանց որոշակի քննադատության արժևորում դրանք։ Ագաթանգեղոսի ու Փավստոսի գրքերը համարելով առաջին և երկրորդ պատմություն, նա իր աշխատությունը դնում է երրորդ տեղում և նշում, որ ինքը շարունակում է նրանց։
Փարպեցու «Պատմությունը» բաղկացած է երեք մասերից՝ դրվագներից և առաջաբանից։ Պատումը սկսվում է այն տեղից, որտեղ ընդհատել էր Բուզանդը, այսինքն` 387 թվականից, երբ Հայաստանն առաջին անդամ բաժանվում է Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Առաջին դրվագում Փարպեցին հետևողականորեն պատմում է հայոց թագավորներ Արշակ Երրորդի և Վռամշապուհի ժամանակների քաղաքական դեպքեր: Հայաստանի համար աղետաբեր պարսկա–բյուզանդական պատերազմների նկարագրությունից և 387թ. բաժանման համառոտ պատկերումից հետո, պատմիչը ներկայացնում է նաև Արևելյան Հայաստանում Սասանյանների նենգ ու դավադիր քաղաքականությունը, որը հանգեցնում է հայ հոգևոր և աշխարհիկ իշխանավորների պառակտմանն ու հայկական կիսանկախ պետության քաղաքական ու տնտեսական թուլացմանը։ Պարսից արքունիքին հաջողվում է հայոց նախարարներից ոմանց ապստամբեցնել Արշակունյաց տոհմի գահակալների՝ Խոսրովի, Արշակի և մյուսների դեմ։ Փարպեցու պատմածներից երևում է, որ Սասանյանները նույն կերպ պառակտում և թուլացնում են նաև հայոց հոգևոր իշխանությունը` կաթողիկոսությունը։ Հենց IV դ. վերջում և V դ. սկզբում հայոց կաթողիկոսական աթոռից զրպարտությամբ հեռացված Սահակ Պարթևին մեկը մյուսի հետևից փոխարինում են բանսարկու և դավադիր Սուրմակ Արծկեցին, իսկ այնուհետև անգամ ասորի Բրքիշոն ու Շամուելը։ «Պատմության» առաջին դրվագն ավարտվում է հայկական Արշակունի հարստության անկման (428 թ.) և Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահվան (439 և 440 թթ.) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։
Երկրորդ դրվագի նյութը համընկնում է Եղիշեի նկարագրած դեպքերի հետ: Այստեղ Փարպեցին անդրադառնում է Վարդանանց պատերազմին և դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների մանրամասնություններին։
Երրորդ դրվագը երկրորդ դրվագի անմիջական շարունակությունն է: Հեղինակը պատմում է Սասանյան Պարսկաստանի՝ հայերի նկատմամբ սկսած նոր քաղաքականության մասին, որն իրագործվում է խարդախ ու դավադիր եղանակներով։ Վարդանանց ժամանակների ուժի և բռնության քաղաքականությունը փոխարինվում է ներքին պառակտման սադրանքներով։ Դրա համար ամեն կերպ խրախուսվում ու ասպարեզ են դուրս բերվում անձնապաշտ դեմքեր, իսկ հայրենասեր ու ողջախոհ նախարարները ամեն կերպ չեզոքացվում են։ Սակայն 460 թ. հետո քաղաքական իրավիճակը փոխվում է հօգուտ հայրենասեր ուժերի։ Ազատվում ու գերությունից տուն են վերադառնում դեռևս Վարդանանց կռիվների ժամանակ աքսորված նախարարները, որոնց գլխավորում է եկեղեցական խոշոր գործիչ Գյուտ կաթողիկոսը (461-478 թթ.): Գյուտի նախաձեռնությամբ գաղտնի բանակցություններ են սկսվում Բյուզանդիայի հետ՝ ապագա ապստամբության ժամանակ նրանից օգնություն ստանալու ակնկալություններով: Սակայն հայրենասեր ուժերի այդպիսի գործողություններն աննկատ չեն։ Դավաճան տարրերը տեղեկացնում են պարսկական իշխանություններին և Գյուտը զրկվում է կաթողիկոսական աթոռից, իսկ Վահան Մամիկոնյանը զրպարտվում է։ Եվ այդուհանդերձ Վահանը երկու անգամ Տիզբոն այցելելով, կարողանում է փարատել պարսից արքա Պերոզի կասկածներն ու ստանալ Հայաստանի հարկահավաքության իրավունքը։