- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Վիկտոր Հյուգոյի «Արևելյան մոտիվներ» ժողովածույի որոշ գործեր ներշնչված են 1821-1827 թվականներին թուրքական լծի դեմ հույն ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարով: Դրանց մեջ նշանավոր է հատկապես «Տղան» վերնագիրը կրող բանաստեղծությունը, որի առաջին կիսատողը՝ «Թուրքերն անցան այստեղից», բարբարոս ցեղը բնութագրող լավագույն ասույթներից է: Իր հակակրանքը այդ ցեղի նկատմամբ Ֆրանսիայի մեծ գրողն արտահայտել է նաև այլ երկերում: «Արքան զվարճանում է» դրամայում (1832 թ.) նա թուրք բառն օգտագործել է իբրև դաժանության հոմանիշ: «Տղան» բանաստեղծությունը կարելի է ձոնել նաև հայ տղային: Այդ բանաստեղծությունը հայերեն են թարգմանել Ալեքսանդր Ծատուրյանը, Արշակ Չոպանյանը, Սողոմոն Տարոնցին, Հենրիկ Բախչինյանը և ուրիշներ: Այդ բանաստեղծության ազդեցությամբ են ստեղծվել Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», Հովհաննես Հովհաննիսյանի «Հայ մանուկը», Ստեփան Մալխասյանցի «Որբ հայ տղան» և այլ ստեղծագործություններ: Ահա Վ. Հյուգոյի «Տղան» բանաստեղծության առաջին տողերը: Թուրքերն անցան այստեղից... Ամենուր մահ ու ավեր...
Քիոսը՝ շեն այդ կղզին, որ ողջ գինի էր ու սեր,
Քիոսը, որ շնչում էր կանաչությամբ ու ծաղկով,
Քիոսը, որ կանչում էր պալատներով ակնաթով,
Աղջիկներով վետվետուն ու ջրերով կապուտակ,
Արդ դարձել է մոխրակույտ, դարձել այրված փլատակ: Թուրքերն անցան այստեղից... Ամենուր սև է ու սուգ... Թարգմանությունը՝ Սիլվա Կապուտիկյանի