top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մեծ պահքի երրորդ՝ «Անառակի կիրակին», մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15:11-32): Այս առակում նկարագրվում է մեղսալից կյանքով ապրած անառակ որդու զղջումը և ապաշխարությամբ վերստին դեպի Հայրը դառնալը: Անառակ որդու առակը զետեղված է չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանում:

Ըստ այդ առակի՝ մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին՝ վերցնելով իր բաժինը, գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով և վատնում ամբողջ ունեցածը:

Անառակ որդին, խոր զղջում ապրած իր գործած արարքի համար, որոշում է վերադառնալ հոր մոտ և խոստովանել այդ մասին:

Հայրը տեսնելով որդուն խեղճ վիճակում՝ գթում է և վազում նրան ընդառաջ, գրկում ու համբուրում:

Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, անառակը՝ մեղուցյալ մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը և մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից մեղքով զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է, աստվածային խոսքին ու շնորհին վերստին ձգտելը՝ զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալը:

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ եւ ասաց. «քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛վ իբրեւ քո աշխատավորներից մեկը»: Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց. վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. «հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Հայրը իր ծառաներին ասաց. «անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին` կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. «քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով` աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»:

#ՄեծՊահք #Տոն #Գիտեքթե

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page