top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Սբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը Օձուն նշանավոր գյուղից էր: Նա իր գործունեությամբ, որով փայլեց թե՛ գրական և թե՛ վարչական ասպարեզներում, մեծ հռչակ բերեց Հայոց Եկեղեցուն և ստացավ «Իմաստասեր» մականունը: Իր իսկ խոստովանությամբ՝ աշակերտել է Թեոդորոս Քռթենավոր վարդապետին, և պատմիչների խոսքերով, տեղյակ էր «քերթողական շարագծաց, մասանց բանի և մասնականաց, վարժից սեռից, տարբերութեանց, հանգամանաց և պատահմանց, անջատից և անանջատից, և կրթական վարժից թէոնականաց» (Հովհ. Դրասխանակերտցի): Ասողիկը Հովհաննես Օձնեցուն ներկայացնում է որպես տեսքով հույժ գեղեցիկ, Կիրակոս Գանձակեցին՝ վայելուչ հասակով, Հովհաննես Դրասխանակերտցին՝ թիկնավետ, ավարտահասակ դիտակ ունեցող, որը սիրում էր շքեղ հագնվել, անգամ եկեղեցու քարերը գեղեցիկ զարդերով պճնազգեստել, սակայն կյանքն անցկացնում էր պահքով, աղոթքներով և ամենագիշեր տքնությամբ: Հովվապետել է 11 տարի, չնայած մի սկզբնաղբյուր նրան վերագրում է 15 տարվա աթոռակալություն: Հետևաբար նրա կաթողիկոսությունն ընկնում է 717-728 թթ. միջոցին:

Օձնեցու գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նրա արաբական խալիֆին կամ ամիրապետին այցելելը, որը տեղի ունեցավ Օմար Բ-ի օրոք, այսինքն՝ 720 թվից առաջ: Այցելության պատճառ դարձավ Արմինիայի ոստիկանի՝ խալիֆի մոտ կաթողիկոսի գեղեցկության և փառավորության մասին հիացմունքով արտահայտվելը, որը շարժեց արաբական ամիրապետի հետաքրքրությունն այն աստիճանի, որ վերջինս ցանկացավ նրա հետ անձամբ հանդիպել: Խալիֆը հրավեր ուղարկեց Օձնեցուն, իսկ մի հատուկ պաշտոնյա էլ ուղարկեց՝ նրան Դամասկոս ուղեկցելու համար:

Դամասկոսում Հայոց կաթողիկոսը ներկայացավ խալիֆին՝ փայլուն և պաղպաջուն զգեստներով պճնված, աղեբեկ ծաղկյալ մորուսը ոսկեփունջ կազմած և օպնիազից պատրաստված ոսկենկար գավազանով: Խալիֆին հիացրեց կաթողիկոսի գեղեցկությունը, որն արտասովոր էր և միշտ էլ ուշադրության արժանի հին ժողովուրդների մոտ: Արարողակարգի պարտադիր ձևականություններն ավարտելուց հետո խալիֆը նրա համար աթոռ բերել տվեց և խոսակցություն բացեց նրա պճնասիրության շուրջ: Խնդիրն այն է, որ Օմար Բ-ն հայտնի է որպես ըստ ամենայնի պարզասեր անձ, արքունական ճոխություն չհանդուրժող, բարեգործ ու բարեսեր, որը կարգադրել էր արգելել իր նախորդների ժամանակներից ծնունդ առած պերճության և շքեղության սովորույթները: Խալիֆը, դիմելով Օձնեցուն, ասաց, թե ինքը լսել է, որ քրիստոնյաների մարգարե Հիսուսը եղել է հեզ ու խոնարհ, աղքատությունը սիրող, պարկեշտ և ճոխությունից հեռու անձ, որ Նրան հաջորդած քրիստոնյա հին առաջնորդներն էլ մեծությունից ու փարթամությունից առավել սիրել են աղքատությունն ու գծծությունը, ուստի ինչպե՞ս է ստացվել, որ նրանց հետևորդ Օձնեցին ներկայանում է այդպես շքեղությամբ: Կաթողիկոսն էլ այդ հարցմանը պատասխանեց, որ այդ ամենն իրավ է, սակայն նրանք իրենց իշխանությունը գործադրելու և ժողովրդի վրա ազդեցություն ունենալու համար հրաշագործության ուժ ունեին և այդ պատճառով էլ արտաքին պերճության կարիք չունեին: Եվ քանի որ ինքն այդ ուժը չունի, նա պարտավոր է ուշադրություն դարձնել արտաքին նշաններին, որոնցով շարժվում է ամբողջ աշխարհը, և որոնք օգտագործում է նաև ինքը՝ խալիֆը: Շարունակելով իր միտքը զարգացնել՝ Օձնեցին ավելացնում է, որ եթե ժողովուրդը խալիֆին տեսնի քուրձ հագած, ապա ոչ նրան կպատվի և ոչ էլ կիմանա նրա ով լինելը: Բացատրելով իր ճոխ և պերճ հագնվելու շարժառիթները՝ Հայոց կաթողիկոսն իր անձնական կյանքն իմանալու համար խալիֆին առաջարկում է, որ ներկա եղողները հեռանան, որից հետո, երբ մնացել էին ինքն ու ամիրապետը, Օձնեցին հանում է իր ճոխ զգեստները, և ամիրապետը նրանց ներքո տեսնում է այծյա ցփսիներ կամ խոշոր խարազներ: Արաբական խալիֆը զարմանում է՝ այդ ամենը տեսնելով, և զմայլվելով նրա առաքինությամբ՝ ավելի մեծ հարգանքով է նրան վերաբերվում և արժանացնում է բազմաթիվ պատիվների:

Ի թիվս տրված պարգևների՝ արաբական խալիֆը հայտարարեց Հայոց կաթողիկոսին, որ նրա ցանկացած խնդրանքը կկատարի: Օձնեցին նրան դիմեց երեք խնդրանքով, այն է, որ դադարեցվեն քրիստոնյաներին բռնի հավատուրացություն ստիպելու փորձերը, որ եկեղեցիները և եկեղեցականներն ապահով լինեն, և որ քրիստոնյաները, ուր էլ գտնվեն, ազատորեն դավանեն իրենց կրոնը: Շատ լավ ծանոթ լինելով արևելյան միապետների փոփոխամտությանը՝ կաթողիկոսը խնդրեց այդ ամենը հաստատել հատուկ հրովարտակով՝ խոստանալով իր կողմից, որ հայերը նրան հավատարմորեն կծառայեն: Կիրակոս Գանձակեցու հավաստմամբ՝ խալիֆը կարգադրեց հրովարտակը պատրաստել և տեսնելով, որ Հայոց հայրապետն անձնապես ոչինչ չի խնդրում իր համար, Օձնեցուն ոսկե և արծաթե գանձեր նվիրեց և թիկնապահ գնդով մեծ պատվով ուղարկեց Հայաստան:

Օձնեցու ծառայությունը մեծ է դավանաբանական և բարեկարգական խնդիրների պարզաբանման ասպարեզում: Նա թողել է մի քանի ճառեր, որոնցից երկուսն ուղղված են պավլիկյանության և երևութականության դեմ՝ հերքելով դրանց վարդապետությունները, բացահայտելով մոլորությունները և դրանց ծագումնաբանական խնդիրները: Հայոց կաթողիկոսն այդ ճառերում հանդես է բերել Աստվածաշնչի և եկեղեցական գրականության մեծ քաջիմացություն, արտաքին կամ հեթանոսական հեղինակների երկասիրությունների լայն իմացություն, սուր և ճոխ միտք:

Օձնեցին Հայոց Եկեղեցու ժամերգության կանոնավորողներից ու մեկնիչներից է, որը հետամուտ է եղել ոչ միայն ժամերգության կարգավորության բացահայտմանը, այլեւ ճոխացրել է այն և կատարելագործել:

#Սուրբ #Գիտեքթե

23 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page